ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորման գործող համակարգի ներդրում, որը կնպաստի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հասանելիությանն ու որակի բարելավմանը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում։
«Ունենք բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածություն, խոսքը աշխարհագրական բաշխվածության մասին է: Պրակտիկ դաշտում գործող բժիշկների թիվը համահունչ է համաշխարհային միջինին, սակայն անհամաչափ բաշխվածության պատճառով մարզային բնակչության համար պատշաճ հասանելիություն և բուժօգնության շարունակականություն հնարավոր չի լինում ապահովել»,- ասաց զեկուցող Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ նախագիծը հնարավորություն կտա մարզերն ապահովել անհրաժեշտ բուժաշխատողներով:
Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։