ԴՈՆԲԱՍԻ ՇՈՒՐՋ ՄԻՆՍԿՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին ռազմական օգնություն ցուցաբերելու պարտավորությունների թեմային: Նա նշել է, որ հանրապետությունների հետ ստորագրված պայմանագրերում համապատասխան կետեր կան, որոնք արձանագրում են, որ Մոսկվան համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն կտրամադրի: «Անհրաժեշտության դեպքում մտադիր ենք կատարել մեր պարտավորությունները»,- նշել է Պուտինը, նաև հստակեցրել, որ դա դեռ չի նշանակում, որ ռուսական զորքերը «հենց հիմա» կգնան Դոնբաս։
Կրեմլի առաջնորդն անդրադարձել է նաև Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնություններին՝ շեշտելով, որ դրանք այլևս գոյություն չունեն:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ուզում եմ ընդգծել, որ մենք հետաքրքրված էինք միջոցառումների այդ փաթեթի իրականացմամբ, բայց Կիևն այդ ուղղությամբ բոլոր ջանքերը զրոյի հավասարեցրեց: Մինսկյան համաձայնությունները «սպանվել են» Ուկրաինայի ղեկավարության կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետությունների ճանաչումից շատ ավելի վաղ:
ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վլադիմիր Պուտինի ասուլիսին հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթը: Բայդենը պնդել է, որ ՌԴ-ն «Ուկրաինայից կտրել է մեծ կտոր», և այսօր շարունակել է նման գործողությունները։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն սկսել է ներխուժել Ուկրաինա։ «Առաջիկա օրերին Ռուսաստանի հնարավոր հարձակումն Ուկրաինայի վրա մնում է լուրջ սպառնալիք. Ռուսաստանը կրում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, դեռ ժամանակ կա կանխելու վատթարագույն սցենարը, որն անասելի տառապանք կբերի միլիոնավոր մարդկանց: Սպիտակ տան առաջնորդն իր ելույթում հայտարարել է նաև Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Մենք լսեցինք նրա երեկվա ելույթը. սա ռուսական ներխուժման սկիզբն է Ուկրաինա: Այսպիսով, ես այսօր հայտարարում եմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջին փաթեթի մասին՝ ի պատասխան նրա գործողությունների։ Մենք Ռուսաստանի կառավարությանը կտրել ենք արևմտյան ֆինանսավորումից։ Այն այլևս չի կարող գումար հայթայթել Արևմուտքից: Մենք աշխատում ենք Գերմանիայի հետ. «Հյուսիսային հոսք 2»-ը առաջ չի շարժվի։ Ես կարգադրել եմ Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերը և սարքավորումները տեղափոխել Բալթյան երկրներ՝ մեր դաշնակիցների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ուժեղացման նպատակով:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԲԼԻՆՔԵՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել վաղը նախատեսված՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Բլինքենը հայտարարել է, որ համաձայնել էր հանդիպել իր գործընկեր Լավրովի հետ պայմանով, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա: «Այժմ, մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսված է. Ռուսաստանը մերժել է դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու տարբերակը»,- նշել է Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար հետ հանդիպումից հետո։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը հավատարիմ է դիվանագիտական ջանքերին, «եթե Մոսկվան փոխի իր մոտեցումը» և կանի ամեն ինչ՝ կանխելու ավելի վատ սցենարը՝ լայնամասշտաբ հարձակումն Ուկրաինայի վրա: Սպիտակ տնից էլ հայտարարել են, որ այս պահին Բայդեն-Պուտին հանդիպում նույնպես նախատեսված չէ: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հավելել է, որ նման գագաթնաժողով անցկացնելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափում:
ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Փարիզում պլանավորված հանդիպումը նույնպես չի կայանա: Ֆրանսիացի արտգործնախարարը ասել է, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ հնարավոր են այն դեպքում, եթե Ուկրաինա ներխուժումը չլինի։
ԱՄՆ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քննարկել ռազմական աջակցության շարունակականությունը, այդ թվում՝ համագործակցությունը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ոլորտում։ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը հաստատել է աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վստահեցրել, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ էլ ավելի ընդլայնելու Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու և զինված ուժերը հզորացնելու համար։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել խորհրդակցություններն ու շփումներն ամենաբարձր ռազմաքաղաքական մակարդակով։
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ի ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը հաստատել է, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հետ է կանչել իր եզրակացությունը «Հյուսիսային հոսք-2» գազատարի հավաստագրման գործընթացի շրջանակներում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ավելի վաղ երկրի էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել էր ձեռնարկել անհրաժեշտ քայլել՝ «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը չեղարկելու համար, առանց որի հնարավոր չէ շահագործման հանձնել տվյալ խողովակաշարը:
ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ
Եվրամիության բոլոր անդամ երկրները միաձայն որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ ընդունել։ Բրյուսելն այն համաձայնեցրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ՝ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Փարիզում ԵՄ Խորհրդի արտահերթ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Բորելի խոսքով՝ նոր փաթեթը պատժամիջոցներ է ներառում ՌԴ Պետդումայի 351 պատգամավորի դեմ, որոնք քվեարկել են Դոնբասի անկախության օգտին: Բացի այդ, ԵՄ-ն սև ցուցակում ընդգրկվել է 27 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ Դոնբասում Ռուսաստանի գործողությունները ֆինանսավորող բանկեր և կազմակերպություններ: ԵՄ-ն նաև արգելել է իր բիզնեսի հարաբերությունները ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ և որոշում է ընդունել սահմանափակել Ռուսաստանի մուտքը ԵՄ-ի ֆինանսական շուկա և կապիտալի շուկա, ասել է Բորելը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ ողջունում է «Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացումը դադարեցնելու Գերմանիայի որոշումը: Ռուսաստանի նախագահը չի ընդգրկվել Եվրամիության պատժամիջոցների ցուցակում։
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասի հայտարարել է զինված ուժերի պահեստազորայինների հավաք։ Զելենսկի ընգծել է, որ խոսքը բացառապես օպերատիվ պահեստազորում ներառված քաղաքացիների մասին է: Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ ընդհանուր մոբիլիզացիայի կարիք դեռ չկա։ Նրա խոսքով՝ պահեստազորայինները պետք է բարձրացնեն ուկրաինական բանակի պատրաստվածությունը բոլոր հնարավոր փոփոխությունների համար։