Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա իջեցվել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը։ Դեսպանատան աշխատակիցները պատրաստվում են տարհանման՝ հայտնել է ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Գոլենկոն՝ գրում է EaDaily-ն։
Կիևում ռուսական դեսպանատան շենքի մոտ իրավիճակը հանգիստ է, տարածքում հերթապահում են Ազգային ոստիկանության և Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները։
Հանգիստ է նաև իրավիճակը Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան շուրջ՝ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Այստեղ էլ հերթապահում են ոստիկանական մեքենաները, դիվանագիտական առաքելությունն աշխատում է սովորական ռեժիմով։
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ էր տվել ուկրաինացիներին ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ նրանց, ովքեր արդեն այդ երկրում են, խորհուրդ է տրվել անհապաղ հեռանալ այնտեղից։ Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոն խորհրդակցությունների համար հետ է կանչվել Կիև՝ Լուգանսկը և Դոնեցկը ճանաչելու Մոսկվայի որոշման պատճառով։