Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԳՀ-ի ճանաչումը կարող է բացասաբար ազդել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման վրա: Գերմանիայի կանցլեր Շոլցն արդեն հրահանգել է դադարեցնել գազատարի սերտիֆիկացման գործընթացը:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի սերտիֆիկացման դադարեցումը չի նշանակում, որ նախագիծը երբեք չի աշխատի, սակայն որոշակի հանգամանքներում հնարավոր է վերջնական կասեցում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը՝ փոխանցում է РИА Новости-ն։
Փաստորեն, նախատեսվում է նախագծի սառեցում անորոշ ժամկետով, գործարկումն անհնար է առանց սերտիֆիկացման։
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը կարող է վերսկսվել, եթե Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է համատեքստից, իսկ ավելի ստույգ՝ թե ինչպես կվարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է փոխկանցլերը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հույս է հայտնել, որ աշխատանքների դադարեցումը ժամանակավոր է։