Ռեջեփ Թայիփ Էրդողանը աֆրիկյան պետություններ կատարած պաշտոնական այցից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Yenişafak լրատվականի հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Էրդողանը Հայաստանի հետ վերջին շրջանում սկսված բանակցային գործընթացից, նա պատասխանել է, որ տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության:
«Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր գործադրեցինք: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»,- նշել է Էրդողանը և հավելել, որ Անկարայի համար սահմանները փակ պահելու հարց չի լինի, եթե Հայաստանը հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում վճռական լինի: