ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԴԻՄԱԿՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջն առաջիկայում հնարավոր է հանվի. որոշման փոփոխության հարցը քննարկման սեղանին է՝ տեղեկացրեց վարչապետը, բացատրեց՝ վերանայման առիթը համաճարակային իրավիճակի կայունացումն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի ուղղակի կրել դիմակը:
Իրավիճակը դեպի կայուն նվազման է գնում: Եթե միտումը պահպանվի, հաջորդ շաբաթ մահճակալային ֆոնդն էլ կկրճատվի՝ տեղեկացրեց նախարարը: Հիմա շրջանառվողը օմիկրոնի B1, B2 ենթաշատամներն են, որոնք էլ ի սպառ դուրս են մղել դելտա շտամը՝ հետազոտության արդյունքները ներկայացրեց Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարը նաև պատվաստման թվերից խոսեց՝ մեծահասակ բնակչության 40 տոկոսն արդեն ստացել է երկրորդ դեղաչափը, 20 169 քաղաքացի էլ բուստերով է պատվաստվել:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպահել, նամանավանդ տարեց ու քրոիկ հիվանդների պատվաստումը օր առաջ կազմակերպենք:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Անցնելով օրակարգին՝ 6 մարզի 13 համայնքի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունը 1 միլիարդ 435 միլիոն դրամ հատկացրեց: Հարցը զեկուցող տարածքային կառավարման նախարարն առանձնացրեց Քաջարանում 25 բազմաբնակարանի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրը: Գործադիրի մասնաբաժինը 70 տոկոսն է, 25-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրով է ֆինանասավորվել, 2.5-ը Պղնձամոլիբդենայինն է հովանավորել, արդյունքում համայնքը միայն մյուս 2.5 տոկոսն է տվել: Նման ծրագրերը նաև սոցիալական կարևոր նշանակություն ունեն՝ նկատեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Այս կարգի ծրագրերը՝ որ օգնում ենք, որ կոմունալների խնայողություն ունենա իր սոցվիճակի համար, ավելի ծանրակշիռ ներդրում է, որովհետև մարդու կյանքի որակն է փոխում:
Էներգաարդյունավետության ծրագրերը պետք է հատուկ ուշադրության արժանանան՝ շեշտեց Փաշինյանը, զուգահեռ էլ հիշեցրեց ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, արտաքին լուսավորության ապահովման, գազիֆիկացման, ոռոգման ու խմելու ջրագծերի անցկացման մասին, որ արդեն իրականություն են դառնում այսօր տրամադրված գումարով: Սուբվենցիոն հատկացումները 2022-ին էլ կշարունակվեն, արդեն 475 հայտ է ստացվել՝ 78.2 միլիարդ դրամ արժողությամբ: Այս տարվա համար երեք ուղղություն է թիրախավորված:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մեզ համար կարևոր թիրախներ են մանկապարտեզների կառուցումը, խմելու և ոռոգման համակարգերը և ճանապարհները, և եթե նայեք ստացված հայտերը, ապա այս երեք ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք այս տարի:
Ընդհանուր հայտերից 173-ը միայն մանկապարտեզներին է վերաբերում. 38-ի դեպքում՝ 0-ից կառուցվող՝ մանրամասնեց Սանոսյանը: Նիկոլ Փաշինյանը հիշեց նախընտրական խոստումը:
Նիկոլ Փաշինյան - Մենք խնդիր ենք դրել մինչև 2026 թիվը 500 մանկապարտեզ կառուցել, պետք է կենտրոնոնանք նաև դպրոցների վրա:
2022-ի ավարտին 100 նոր դպրոց արդեն պետք է ունենանք, դրանում ներառած նաև 21-ին կառուցվածը՝ կառավարական կաբինետին հանձնարարեց վարչապետը: Թեման շարունակելով՝ հատուկ ընդգծեց՝ արտաքին պատերից, թարմ դուռ, պատուհանից բացի՝ կառուցված, նորոգված պարտեզն ու դպրոցը պետք է ապահովված լինեն նաև լիովին նոր գույքով. սա պետական ռազմավարություն է: Սուբվենցիոն ծրագրերի էֆեկտը հատկապես խոշորացված համայնքներն են զգում, իսկ վերջերես խոշորացածներին նաև լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի՝ նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Միջինում 300 միլիոնի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի, որ քաղաքի համար անհրաժեշտ գնումներ իրականացնեն, և այդպես շարունակ:
ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԿՈՄՈՒՆԱԼՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Մեկ այլ հարցով էլ 2022-ի բյուջեից հատկացում արվեց Վեդիի ջրամբարի կառուցման համար: 90 միլիոն եվրո արժողությամբ նոր ջրամբարի շինարարությունն իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության ծրագրով, Կառավարության համաֆինանսավորմամբ:
Գնել Սանոսյան - Այս նախագծի շրջանակում նախատեսվում է վճարումներ կատարել շինարարության տեխնիկական վերահսկողության խորհրդատու կազմակերպությանը։ Ընդհանուր արժեքը 394․4 հազար եվրոյին համարժեք գումար է։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել տարեվերջին, պատվարի աշխատանքների 80 տոկոսն արդեն արված է՝ նշեց նախարարը, ևս 7 փոքր ջրամբարի կառուցման նախագծային մրցույթն էլ կհայտարարվի առաջիկայում: Զեկուցվող վերջին հարցով էլ Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ գյուղերի բնակիչների կոմունալ ծախսերը: Մոտ 100 հազար շահառուի գազ, լույս, մասնակի՝ ոռոգման ջրի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով տրամադրվեց 1 միլիարդ 155 միլիոն դրամ: