Շիրակի մարզի Անի և Արթիկ խոշորացված համայնքների բնակավայրից ձևավորված տեղական ակտիվ խմբերը այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում գործակցության հուշագիր ստորագրեցին։
Նրանցից յուրաքանչյուրն իր համայնքում համակարգելու է գյուղացեիների ներկայացրած նորարարական բիզնես ծրագրերը և ներկայացնելու է դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման: Շիրակում Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրն արդեն ակտիվ գործարկման փուլում է։ Քառամյա ծրագրի բյուջեն մոտ 4.5 մլն եվրո է, իսկ թիրախային խումբը Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Անի համայնքներում ընդգրկված գյուղերի բնակիչներն են։ Ծրագրի նպատակն է ընտրել գաղափարներ, որոնք ֆինանսավորելու միջոցով հնարավոր է աղքատ համայնքներում աշխատատեղեր ստեղծել:
Անահիտ Ստեփանյանը Լանջիկից է, արդեն բիզենս գաղափար ունի՝ մտածում է բուժական թեյարան հիմնելու մասին, որը կզուգորդի զբոսաշրջային մեկ այլ ծրագրի հետ։
Անահիտ Ստեփանյան («Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի անդամ) - Դեղաբույսերով ներկայացնելու եմ, թեյի արտադրություն եմ ուզում սկսել։
Մարտին խմբերն իրենց համայնքներում կտարածեն գաղափարը և կօգնեն բնակիչներին ծրագրեր մշակել։ Ապրիլին ծրագրերը կներկայացնեն դոնոր կազակերպություններին՝ ֆինանսավորում ստանալու համար:
Բրիգիտե Մելմաուեր-Լարխեր (Ավստրիական զարգացման գործակալության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի թիմի ղեկավար) - Համայնքային խմբերի մոբիլիզացիան արդեն տեսանլի արդյունք է տվել, քանի որ մշակել են իրենց տարածքների համար զարգացման ռազմավարություն։ Մեկ ամսից կսկսենք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը: Յոթ տեղական ակտիվ խմբերում ընդգրկված բնակչությունը հնարավորություն կունենա դիմել բիզնես ծրագրերի և համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորում ստանալու համար:
Կազմակերպիչներն ու մասնակիցներն առայժմ դժվարանում են գնահատել՝ երկամուտների ինչպիսի աճ կլինի, բայց համոզված են՝ մարզում ներդրվող 4.5 մլն եվրոն էականորեն կբարձրացնի մարդկանց կենսամակարդակը գյուղական բնակավայրերում։