Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը:
Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին:
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչների համար հաճախ հասանելի չէ պատվաստումը, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել ԼՂ բնակչությանը, պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարևորել է գլոբալ համագործակցությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու և խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար:
ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ: