Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են մոտ չորս ժամ: Նախագահերը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր են ստորագրել:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կարևորվել է բարձր մակարդակի եռակողմ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
Պուտինը նշել է, որ Ալիևի հետ պայմանավորվել են նպաստել տնտեսական, տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը: Նա ընդգծել է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների, ինչպես նաև առևտրային, արդյունաբերական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում հստակ ծրագրերի իրականացման մասին է:
ՌԴ նախագահը կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ ընդգծելով՝ Մոսկվան կաջակցի ցանկացած վիճելի խնդրի լուծմանը: Նրա խոսքով՝ բանակցությունները հստակ ցույց են տվել, որ Ռուսաստանը և Ադրբեջանն ընդհանուր հետաքրքրություններ ունեն Հարավկովկասյան և Կասպյան տարածաշրջաններում, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցում:
Անդրադառնալով ստորագրված հռչակագրին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այն յուրահատուկ տեղ ունի երկկողմ իրավապայմանագրային բազայում, այն երկկողմ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է մեկ տարվա ընթացքում և ներառում է 43 կետ: Նա մեջբերել է հռչակագրի առաջին կետը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են սահմանների անքակտելիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա:
Ըստ հռչակագրի՝ Մոսկվան և Բաքուն պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ սկսել կողմերի անվտանգությանը և շահերին սպառնալիքների դեպքում: Փաստաթուղթը նախատեսում է նաև փոխադարձ ռազմական աջակցության տրամադրում անվտանգության ապահովման համար:
*****
Թուրքիան աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան կուրսին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը։ Թբիլիսիում վրաց գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը։ Նա նշել է, որ Անկարան բոլոր հարթակներում հայտարարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցության մասին։ Շենթոփը Վրաստանն անվանել է «բարեկամ պետություն, ռազմավարական գործընկեր ու դաշնակից, որի հետ Թուրքիան խնդիրներ չունի»։ Պապուաշվիլին, իր հերթին, ընդգծել է, որ շատ կարևոր է իրար օգնել դժվարին օրերին։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ «Մենք ընդգծել ենք կայունության և խաղաղության հաստատման կարևորությունը․ դա կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը»,- ընդգծել է Պապուաշվիլին։ Պաշտոնյաները նաև ստորագրել են միջխորհրդարանական համագործակցության հնգամյա համաձայնագիր։
*****
Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների մասնակիցները քննարկում են չլուծված վերջին հարցերը։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովը։ «Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների ղեկավարների հետ քննարկել ենք խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Նմանատիպ հանդիպումներ անցկացվում են նաև բանակցությունների մյուս մասնակիցների հետ՝ տարբեր ձևաչափերով»,- նշել է պաշտոնյան։ Ավելի վաղ Ուլյանովը չէր բացառել, որ կողմերը կարող են միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնել մինչև փետրվարի վերջ։