Աշխարհը շարունակում է հետևել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մի շարք երկրներ դատապարտել են Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը, իսկ պաշտոնական Մոսկվան այդ որոշումը մեկնաբանում է որպես Դոնբասում արյունահեղության կանխմանն ուղղված քայլ:
Ռուսաստանի և ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միջև ստորագրված Բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը վավերացվել են Ռուսաստանի Պետական դումայի կողմից։ Որոշումն ընդունվել է միաձայն: Ավելի վաղ պայմանագրերը վավերացրել էին նաև ԴԺՀ և ԼԺՀ օրենսդիր մարմինները: Փաստաթղթերի համաձայն՝ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է կողմերի համատեղ ջանքերով, բացի այդ՝ դրանք հնարավորություն են տալիս ստեղծել ռազմաբազաներ:
Ուկրաինայի Գերագույն ռադան, արձագանքելով Մոսկվայի որոշմանը, հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ռուսաստանին՝ չեղարկել Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Ռադան հորդորել է միջազգային գործընկերներին՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և երկրի ղեկավարության դեմ, արգելել բարձր տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Պատգամավորները նաև կոչ են արել ռազմատեխնիկական օգնություն տրամադրել Ուկրաինային։
Անդրադառնալով Ռուսաստանի և Լուգանսկի ու Դոնեցկի միջև ստորագրված փաստաթղթերին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երաշխավորում է ինքնահռչակ հանրապետությունների անվտանգությունը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, սակայն, որ Ռուսաստանն առայժմ չի պատրաստվում իր զորքերը որևէ տեղ ուղարկել։
Ինչ վերաբերում է ՌԴ կողմից ճանաչված միավորների սահմաններին՝ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է՝ հանրապետությունների սահմանների հարցն ապագայի խնդիր է։ «Այս պահին անհրաժեշտ էր կանգնեցնել մարդկային զոհերի հանգեցնող զարգացումները, ուստի ճանաչվեց այն իրողությունը, որ ձևավորվել է»,- ընդգծել է նա:
Չեն դադարում նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրների առաջնորդների շփումները։ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհակալություն հայտնել իր թուրք գործընկերոջը ՌԴ-ի վերջին սադրիչ որոշումների վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությանն աջակցելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը որակելով անընդունելի և Մինսկի համաձայնությունների խախտում։
Բացի քննադատական հայտարարություններից՝ մի շարք երկրներ նախաձեռնել են նաև Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման գործընթաց: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն իսկ ստորագրել է պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր, որում նշվում է, որ ՌԴ նախագահի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորություններին և խարխլում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Փաստաթղթով արգելվում է նոր ներդրումներ կատարել Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև այդ տարածքներից ուղղակի կամ անուղղակի ԱՄՆ ներկրել ցանկացած ապրանք, ծառայություն կամ տեխնոլոգիա։ Հրամանագիրն ԱՄՆ վարչակազմին տալիս է պատժամիջոցներ սահմանելու լիազորություն այն անձանց նկատմամբ, որոնք գործունեություն են իրականացնում այդ հանրապետություններում։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան 5 բանկերի նկատմամբ և ՌԴ մի շարք քաղաքացիների նկատմամբ:
Եվրամիությունը նույնպես խիստ պատժամիջոցներ է նախապատրաստում: ԵՄ անդամ երկրների միջև քննարկումների համաձայն՝ պատժամիջոցները կվերաբերվեն Ռուսաստանի պետական պարտքին, տնտեսությանը, առևտրին և ֆինանսական հատվածին։ Կկիրառվեն նաև անհատական պատժամիջոցներ մի քանի տասնյակ անձանց նկատմամբ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով միջազգային արձագանքին, նշել է, որ Ռուսաստանի համար այն սպասելի էր։ «Մեր գործընկերները վերջերս բոլոր անախորժությունները բարդում են Մոսկվայի վրա»,- ընդգծել է նա։
Իրավիճակը շփման գծում նույնպես շարունակում է լարված մնալ։ Կողմերը մեղադրում են իրար հրադադարի ռեժիմը խախտելու համար, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։ Վնասվել են բնակելի շենքեր և կենսական կարևորության ենթակառուցվածքներ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է Դոնեցկում հրաձգության պատճառով խմելու ջրի սուր պակասի մասին։ Շարունակվում է նաև Լուգանսկի և Դոնեցկի բնակիչների տարհանումը. վերջին տվյալով՝ Ռուսաստանի տարածք է տեղափոխվել արդեն ավելի քան 90 000 մարդ։