Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են մոտ չորս ժամ: Նախագահները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթի ստորագրումից հետո Պուտինն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կարևորվել է բարձր մակարդակի եռակողմ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
Պուտինը նշել է, որ Ալիևի հետ պայմանավորվել են նպաստել տնտեսական, տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը: Նա ընդգծել է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների, ինչպես նաև առևտրային, արդյունաբերական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում հստակ ծրագրերի իրականացման մասին է:
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կաջակցի ցանկացած վիճելի խնդրի լուծմանը, այդ թվում՝ սահմանային հարցերի:
Անդրադառնալով ստորագրված հռչակագրին՝ Պուտինը նշել է, որ դա ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որով ռուս-ադրբեջանական հարաբերությունները տեղափոխվում են որակապես նոր փուլ: Ալիևն իր հերթին նշել է, որ փաստաթուղթը ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր հեռանկարներ է բացում: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է մեկ տարվա ընթացքում և ներառում է 43 կետ: Նա մեջբերել է հռչակագրի առաջին կետը, ըստ որի՝ Ռուսաստանը և Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են սահմանների անքակտելիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա:
Ըստ հռչակագրի՝ Մոսկվան և Բաքուն պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ սկսել կողմերի անվտանգությանը և շահերին սպառնալիքների դեպքում: Փաստաթուղթը նախատեսում է նաև փոխադարձ ռազմական աջակցության տրամադրում՝ անվտանգության ապահովման համար: