ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ. ՊՈՒՏԻՆ
Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս ամբողջապես կարգավորված չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Որոշ հարցերի հետ կապված առկա են վեճեր, Մոսկվան կանի ամեն ինչ, որ կարգավորման գործընթացը շարունակվի խաղաղ ճանապարհով, և գործընթացում ներգրավված բոլոր կողմերի շահերի բավարարմամբ»,- նշել է Պուտինը։
Ալիևն իր հերթին ընդգծել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դադարեցման և հակամարտությունը թեժ փուլից քաղաքական և դիվանագիտական հարթություն տեղափոխելու գործում:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային: ՌԴ ղեկավարն նշել է, որ այդ հարցում շահագրգռված են ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև Ռուսաստանը և տարածաշրջանում մյուս հարևան պետությունները:
Անդրադարձել է կատարվել նաև երկու երկրի միջև ստորագրվելիք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին: Պուտինը կարծիք է հայտնել, որ այդ հռչակագիրը նոր փուլ է նախանշում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, իսկ Ալիևը համոզմունք է հայտնել, որ փաստաթուղթը դրական ազդեցություն կունենա, նաև կարևոր դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության հարցում։
ԱՆԿԱՐԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԹԲԻԼԻՍԻԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆԸ
Թուրքիան աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան կուրսին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը։ Թբիլիսիում վրաց գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը։
Նա նշել է, որ Անկարան բոլոր հարթակներում հայտարարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցության մասին։ Շենթոփը Վրաստանն անվանել է «բարեկամ պետություն, ռազմավարական գործընկեր ու դաշնակից, որի հետ Թուրքիան խնդիրներ չունի»։ Պապուաշվիլին իր հերթին ընդգծել է, որ շատ կարևոր է իրար օգնել դժվարին օրերին։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ «Մենք ընդգծել ենք կայունության և խաղաղության հաստատման կարևորությունը․ դա կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը»,- ընդգծել է Պապուաշվիլին։
Պաշտոնյաները նաև ստորագրել են միջխորհրդարանական համագործակցության հնգամյա համաձայնագիր։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԵՐԸ
Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների մասնակիցները քննարկում են չլուծված վերջին հարցերը։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովը։
«Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների ղեկավարների հետ քննարկել ենք խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Նմանատիպ հանդիպումներ անցկացվում են նաև բանակցությունների մյուս մասնակիցների հետ՝ տարբեր ձևաչափերով»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ Ուլյանովը չէր բացառել, որ կողմերը կարող են միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնել մինչև փետրվարի վերջ։
ԿԱՏԱՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԱԶ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ
Կատարում մեկնարկել է Գազ արտահանող երկրների VI ֆորումը, որին մասնակցել են Իրանի, Եգիպտոսի, Լիբիայի, Կատարի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին կոչ է արել ֆորումի մասնակից երկրներին, ինչպես նաև ներկրողներին և արտահանողներին գործակցել՝ ապահովելու համաշխարհային գազի մատակարարման անվտանգությունը։
Համաժողովի մասնակից պետություններին ընդհանուր առմամբ բաժին է ընկնում գազի համաշխարհային առևտրի 45%-ը և գազի ապացուցված համաշխարհային պաշարների 65%-ը:
Ֆորումի նպատակն է բարելավել և ամրապնդել բնական գազի արդյունաբերության զարգացումը։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ՀԵՐԹԵՐ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ
Հոնկոնգում մեծ հերթեր են գոյացել․ բնակիչները ցանկանում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման ֆոնին։ Մասնագետները զգուշացնում են՝ եթե սահմանափակումները չխստացվեն, հիվանդացության դեպքերի կտրուկ աճ կարձանագրվի։ Հոնկոնգում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7500 դեպք, հիվանդանոցները ծանրաբեռնված են։
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԻՉ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՂԱՉԱՓ ՍՏԱՆԱԼ
Իտալիայի առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան, առաջարկում է թույլ իմունային համակարգ ունեցող անձանց բուսթերի երկրորդ դեղաչափը ստանալ։ Նախարարության փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խթանիչները կորոնավիրուսով վարակման դեպքում օգնում են ավելի թեթև տանելու հիվանդությունը։
ԱՄՆ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
ԱՄՆ-ում գրեթե երկու տարի առաջ հայտարարված արտակարգ դրությունը մարտի 1-ից կերկարաձգվի անորոշ ժամկետով՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ համավարակը դեռևս վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության և երկրի անվտանգության համար։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են նաև աշնանից պատվաստանյութի չորրորդ դեղաչափ սահմանելու հնարավորությունը: