Այգին թե բանջարանոցն անմշակ չթողնե՛ք՝ գարնան մոտենալու հետ դաշտերում գործը սկսող գյուղացուն հորդորում են էկոնոմիկայի նախարարությունից։ Վստահեցնում․ գիտեն, որ պարարտանյութի աննախադեպ թանկացումը շատերին է մտքերի մեջ գցել, թե՝ իմաստ ունի՞ արդյոք սելիտրայի պարկին նախկին 7000 դրամի փոխարեն 16-20 հազար վճարել։ Խնդրին տեղյակ են․ այս տարի նույնպես գյուղացուն կօգնեն թունաքիմիկատ ձեռք բերելու:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Մոտավորապես գնի 50 տոկոսի չափ սուբսիդավորում նախատեսվում է:
Ֆերմերների սպասած հայտարարությունը հնչեց Հայաստանի պարենային անվտանգության մասին քննարկմանը։ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ՝ հետազոտական «Ամբերդ» կենտրոնը զեկույց է պատրաստել՝ որքանո՞վ է մեր տեղական, ագրարային ճյուղը կարողանում կերակրել երկրի բնակչությանը, ինչքանո՞վ ենք ինքնաբավ։ Պատկերը, մեղմ ասած, սփոփիչ չէ, հատկապես կարևորագույն մթերքների առումով։
Սամվել Ավետիսյան (ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ) - Պարենային մթերքների գծով ունենք ծանր վիճակ, ամենակարևորը հացն է, որի մակարդակը տարեցտարի իջնում է, բուսական յուղի առումով անգամ 1 տոկոս ինքնաբավություն չունենք, թռչնամսի առումով մեր խոցելի կողմն է՝ էստեղ խնդիրը կերն է:
Թռչնա- թե խոզաբուծությունում՝ անասնակերը մեծ խնդիր է։ Կով-ոչխարի առումով՝ նախորդ երաշտային տարվա խոտի կտրուկ պակասը վատացրեց իրավիճակը։ Ինչ վերաբերում է այգեգործությանը, զեկույցի համաձայն, վերջին 4 տարում մշակվող հողերը երկրում 350 հազար հա-ից պակասել, 222 են դարձել։ Այս ցուցանիշները բոլորին, կարծես, անհանգստացնում են, բայց առաջ չենք գնում, տեղում դոփում ենք, որովհետև միայն պետության առաջարկած սուբսիդավորվող վարկերն ի զորու չեն փոխելու պատկերը, քանի դեռ, օրինակ՝ գյուղացին չի կարողանում ըստ պահանջի ոռոգման ջուր ստանալ՝ խնդիրներն ու դրանց պատճառները վեր հանեց Սամվել Ավետիսյանը։ Ասաց՝ Արցախյան պատերազմը, Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած արտերի ու արոտների պատճառով, իր հերթին է ազդել ցորենից մինչև մսի ինքնաբավության վրա։ Վիճակագրական նույն ցուցանիշների հիման վրա պարենային անվտանգության սեփական աղյուսակով էր քննարկման եկել էկոնոմիկայի նախարարության պատվիրակը։ Գևորգ Ղազարյանը նախ ոգևորիչ թվերը ներկայացրեց։
Գևորգ Ղազարյան - Բարձր ինքնաբավություն են ապահովում միրգ-հատապտուղ, խաղող, կաղամբ՝ 100 տոկոսից ավելի է ինքնաբավությունը:
Ըստ նախարարության գնահատականի՝ պարենամթերքի հասանելիությամբ Հայաստանն ունի 56 տոկոս, մատչելիության բաղադրիչով՝ 65,3, որակի և անվտանգության մասով՝ 65,8 տոկոս մակարդակ՝ 2020 թվականի դրությամբ։ Պատկերը թարմացնելու համար սկսել են պարենային անվտանգության նոր ռազմավարություն ու միջոցառումների ծրագիր մշակել։