Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ է եղել, որը պաշտոնյան հայտարարագրում չի ներկայացրել. բացահայտել է hetq.am-ը: Արմեն Սարգսյանը 2013-2018 թվականներին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը և ի պաշտոնե պարտավոր էր ներկայացնել հայտարարագիր իր միջոցների մասին:
Էդիկ Բաղդասարյան («Հետքի» գլխավոր խմբագիր) - Հաշիվը բացելու ժամանակ նա, կարծես թե, Բրիտանիայի քաղաքացի էր, նշանակում է՝ ո՛չ էնտեղ է ներկայացրել իր գումարները, ո՛չ էլ Հայաստանում են իմացել:
Ըստ հետաքննող լրագրողների՝ Սարգսյանների հաշիվը գործել է 2006 թվականից, բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016 թվականը։ Պաշտոնաթող նախագահը մեղադրել է լրագրողներին անձանական տվյալներ հրապարակելու համար, բայց լրագրողները վստահեցնում են՝ հրապարակման հիմքում հանրային շահն է:
Սամսոն Մարտիրոսյան (հոդվածի համահեղինակ) - Նա ունեցել է նաև այլ հաշիվներ, բայց դրանց չենք անդրադառնում, որովհետև փակվել են, ու ինքն այդ ժամանակ պաշտոնյա չի եղել, անձնական հաշիվներ են, ու մենք չեն գրել:
Արմեն Սարգսյանը հայտարարել է՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայացման համար նույնիսկ գումար է ծախսել սեփական գրպանից։
Էդիկ Բաղդասարյան - Չեմ կարծում, որ ամբողջ ծախսն իր վրա էր, նա այդ ժամանակ տարբեր բիզնեսներով էր զբաղվում, ու, կարելի է ասել, որ դեսպանի պաշտոնն օգտագործելով՝ տարբեր գործունեություն էր ծավալում: Գումարած դրան՝ բոլորը գիտեն, որ բարերար Վաչե Մանուկյանն էր այդ ծախսերը հոգում, պաշտոնն օգտագործել է բիզնես գործունեության համար:
Լրագրողները Սարգսյանին նաև հարց են ուղղել գումարի ծագման մասին:
Սամսոն Մարտիրոսյան - Որին նա չի պատասխանել:
Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը դեռևս կազմավորված չէ, և մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սակայն «Հետքին» տված պատասխանում Արմեն Սարգսյանը նշել էր. «Հստակ չէր, որ կանոնները, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հայտարարագրել իրենց եկամուտները, կիրառելի էին նման հանգամանքներում, ըստ էության, այլ անձինք, որոնք նույնպես ծառայել են pro bono հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»:
Պրո բոնո նշանակում է հանրային հիմունքներով: Պաշտոնյաների հայտարարագրման ռեեստրը վարող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը չի հերքում՝ մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, այսինքն՝ 2019 թվականը, գործող իրավակարգավորումները տարբերվում էին, բայց.
Արամայիս Փաշինյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - Օրենսդրությամբ պահանջվում էր հայտարարագրել դրամական միջոցները՝ առանց տարանջատելու կանխիկ ու անկախիկ, այնուամենայնիվ, բոլոր դրամական միջոցներն առանց տարանջատման, այդ թվում՝ կանխիկ, պատկերավոր ասած՝ բարձի տակի միջոցները, բանկային պահատուփերում առկա, առանց սահմանափակման բոլոր դրամական միջոցներրը ենթակա էին հայտարարագրման:
Անվճար հիմքունքներով աշխատելը նույնպես հայտարարագիր ներկայացնելուց չի ազատում:
Արամայիս Փաշինյան - Անկախ եկամուտներից, աշխատավարձ չստանալու հանգամանքից, որևէ կերպ թույլ չէր տալիս հայտարարագիրը չներկայացնել: Օրինակ՝ ընտանիքի անդամը, եթե չունի եկամուտ, հայտարարագրման պարտավորություն ունի, հայտարարագրման պարտավորությունը ոչ միայն եկամուտներին, այլև գույքին է վերաբերում:
Դատախազությունից էլ մեզ հայտնեցին, որ հրապարակումն ուսումնասիրում են, բայց այլ մանրամասներ դեռ չեն կարող հայտնել: Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Արմեն Սարգսյանի հայտարարագրերը՝ լրատվամիջոցների այլ հրապարակումների հիման վրա: Շվեյցարական բանկում մեծ գումար ունենալը չորրորդ նախագահի հետ կապված միակ հարցը չէ:
Նրա՝ պաշտոնից հրաժարվելուց օրեր առաջ «Հետքը» հրապարակեց, որ Սարգսյանը ունեցել է Կարիբյան կղզիներից մեկի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն և դրանից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին՝ նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուն պետք է առնվազն 6 տարի միայն ՀՀ քաղաքացի լինի: Գործով ԱԱԾ-ն է զբաղվում: «Հետքի» գլխավոր խմբագիրը հարցաքննվել է, բայց ցուցմունք չի տվել, ասել է՝ մանրամասները կներկայացնեն հաջորդ հրապարակման մեջ:
Շվեյցարական հաշիվների ուսումնասիրությունը հետաքննող լրագրողները սկսել են դեռ նախորդ տարվա հոկտեմբերին: Տեղեկատվությունը վերաբերում է մոտ 30 հազար անձի: Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց հաշիվները հասնում են 400-ի, գումարի ընդհանուր չափն ավելի քան 1 մլրդ դոլար է:
Էդիկ Բաղդասարյան - Հետաքննության ժամանակ իրականում մենք չենք բաժանում ներկա-նախկին պաշտոնյաների, մեզ համար չկա նախկին ու ներկա, եթե պաշտոնյա է եղել, գրում ենք, ներկաներից էլ կան, առնչվող պաշտոնյաներ կան, որը ուսումնասիրման փուլում են:
Էդիկ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանին վերաբերող հաշիվներում կան Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի քաղաքացիներ, որոնք, ըստ իրենց ուսումնասիրությունների, Հայաստանում բիզնես են ունեցել:
Շվեյցարական հաշիվների հետ կապված հրապարակումները կշարունակվեն, գործերից մեկը տանում է դեպի նախկին նախարար՝ ասաց Բաղդասարյանը՝ առանց մանրամասներ բացահայտելու:
Հեղինակ՝ Անի Օհանյան