Մարզահամերգայինի դիմաց ոստիկանական պատ է, ներսում՝ կլոր սեղանի շուրջ, «Եվրանեսթի» պատվիրակների շարքում նաև ադրբեջանցի պատգամավորներն են: 10 տարվա ընդմիջումից հետո Երևան են ժամանել Մեջլիսի անդամները: Սոլթան Մամեդովն ու Թահիր Միրկիշիլին նախ շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ապա շեշտեցին՝ իրենց այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Քննարկվող թեման Հարավային Կովկասում անվտանգությունն էր ու այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանցի պատվիրակները շտապեցին մի քանի անգամ հայտարարել՝ կոնֆլիկտը լուծված է:
Սոլթան Մամեդովը, «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակ, Ադրբեջան - Քանի որ հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում իրականացվի: Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ հայկական կողմից այս հարցով դրական քայլեր ու ազդակներ են եղել: Տարածաշրջանի կայունացմանը պետք է նպաստի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Թահիր Միրկիշիլի, «Եվրանեսթ ԽՎ պատվիրակ, Ադրբեջան - Մենք պետք է ձգտենք, որ ապագայում ռազմական հակամարտություն չլինի: Մենք ռևանշիստական ձգտումներ չունենք, և ապագայում ուժի կիրառում չենք ուզում։ Այդ ամենն արդեն անցյալ է, և հիմա պետք է խոսենք ապագայի մասին։ Խաղաղության համաձայնագիրը, օրինակ, լավ շանս կլինի ապագա հարաբերությունների ձևավորման համար:
Արցախյան հակամարտությունը լուծված չէ՝ ադրբեջանցի գործընկերներին արձագանքեցին «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անդամները: Պաշտոնական Բաքվի խաղաղասիրական հայտարարությունների կողքին կա այլ իրականություն՝ ագրեսիվ հռետորաբանություն, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացում, փակ ճանապարհներ ու առաջնայինը՝ Ադրբեջանի բանտերում դեռ պահվող հայ ռազմագերիներ՝ հիշեցրին մեր երկրի պատգամավորները:
Արման Եղոյան, «Եվրանեսթ» ԽՎ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ - Ես արդեն չեմ հիշում, թե մեր ադրբեջանցի գործընկերները քանի անգամ կրկնեցին, որ հակամարտությունն ավարտված է: Երևի իրենք իրենց էին փորձում համոզել դրանում: Բայց չի կարելի վերջ դնել հակամարտությանը՝ պարզապես հայտարարելով դրա ավարտի մասին և չվերացնելով հակամարտության բուն պատճառները։ Իսկ պատճառները դեռ կան, ու ավելին՝ կարծում եմ՝ դրանք ավելի են խորացել: Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում:
Մարիա Կարապետյան, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար - Արցախյան հակամարտությունը լուծված չէ, մենք ցանկանում ենք լուծել այն, որ երկարատև խաղաղության հասնենք տարածաշրջանում: Կա նաև այլ խնդիր՝ ռազմագերիների հարցը: Զինվորները, որոնք հայտնվել են գերության մեջ, պետք է վերադառնան տուն, և մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր ռազմագերիներին:
Բաքուն շարունակում է ուժի կիրառման սպառնալիքը, այլատյացության քարոզչությունն ու անվտանգային խնդիրները մնում են առաջնային՝ հայտարարեցին խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:
Հայկ Մամիջանյան, «Եվրանեսթ» ԽՎ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ - Ստեղծագործականությունը միշտ ողջունվում է: Ադրբեջանն ունի ստեղծագործականության իր բրենդը, Ադրբեջանի կողմից խնդրի լուծման բրենդը դրա գոյությունն անտեսելն է: Բայց խնդիրները չտեսնելը, դրանք մերժելն ապագա չունի: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է:
Աննա Գրիգորյան, «Եվրանեսթ» ԽՎ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ - Հակամարտությունը լուծված չէ, այն գոյություն ունի: Եթե մենք ընտրում ենք քաղաքական երկխոսությունը, անվտանգությունը և ոչ ագրեսիան, ահաբեկչությունը և քսենոֆոբիան, ապա ԵՄ-ն պետք է, միանշանակ, թիրախային քաղաքական գնահատական տա Ադրբեջանին և Թուրքիային: Երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները պետք է մերժվեն, եթե մենք իսկապես ուզում են անվտանգության հասնել տարածաշրջանում:
Եվրոպայի արձագանքը չուշացավ: Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդը թեման շարունակեց՝ հիշեցրեց բազմիցս արտահայտած ու անցած շաբաթ էլ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած դիրքորոշումը:
Մարինա Կալյուրանդ, «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակ - Թույլ տվեք ինձ շատ հստակ հայտարարել՝ Եվրոպական խորհրդարանը չի ճանաչել պատերազմի արդյունքը: Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ: Եթե այստեղ փորձում ենք քննարկել կայուն, երկարատև խաղաղությունը, ապա այդ խաղաղությանը պետք է հասնել բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Քաղաքական հանձնաժողովի նիստում Արցախյան հակամարտության թեման միայն քննարկմամբ սահմանափակվեց, բանաձևի ընդունում դրա վերաբերյալ չի ենթադրվում: Մինչդեռ խորհրդարանական վեհաժողովի բյուրոն դեռ երեկ՝ փակ նիստում, ըստ էության, դատապարտող հայտարարություն էր ընդունել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման և եվրոպական անվտանգությանը ռուսական սպառնալիքի մասին: Բյուրոյում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Կարապետյանն ասաց՝ քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել:
Մարիա Կարապետյան - Իմ հույսն այն է, որ խաղաղությունը կպահպանվի: Մենք, լինելով երկիր, որն անցել է պատերազմի միջով, այլ ակնկալիք, այլ հույս չենք կարող ունենալ:
Հայտարարության տեքստն այսօր խմբագրման դրվեց այն բանից հետո, երբ Կրեմլը պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը: Այն նոր տեսքով նորից կգա օրակարգ: Բացի Հայաստանից՝ «Եվրանեսթին» մասնակցում է 5 անդամից միայն 4-ը՝ Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը: Բելառուսն այս անգամ սառեցրել է իր մասնակցությունը:
Ներսում նիստն էր, դրսում՝ կեսօրից սկսած, հավաք. քաղաքացիների դժգոհության պատճառը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցի պատգամավորների այցն էր Հայաստան: