2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981 թ. ծնված, 2015 թ. ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից:
Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: