Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։
Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ երկու գերատեսչությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակով հանդիպումը խոսում է երկու երկրների բարեկամական և արդյունավետ հարաբերությունները նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պարտաստակամության մասին։
ՀՀ ոստիկանության պետը նշել է, որ մշտապետ զգացվել է լիտվացի գործընկերների աջակցությունը հատկապես ոստիկանների վերապատրաստման գործընթացում: Նա նաև խոսեց ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների մասին։
Գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշե է, որ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը Լիտվայի ոստիկանության համար առաջնահերթություն է։
Ռենատաս Պոժելան կարևորելով հանդիպումը՝ վստահություն է հայտնել, որ բարեկամական երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին ու անվտանգության ապահովմանը, արդյունավետ է լինելու։
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան ստորագրել են ՀՀ ոստիկանության և ԼՀ ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր։
Նույն օրը Լիտվայի ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ այցելել է Պարեկային ծառայության Երևանի գունդ։
Պարեկային ծառայության ղեկավարությունը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրել է Պարեկային ծառայության մեքենաները, դրանց հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, օգտագործվող հատուկ միջոցները և այլն։
Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել ծառայության ստեղծման պատմությունը, պարտականությունները, ծառայողների սպառազինության ու ծառայության կառուցվածքային մանրամասներ։
Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև Պարեկային ծառայության կազմակերպման բաժնում և ծառայողական քննությունների բաժանմունքում։ Հյուրերը ծանոթացել են ստորաբաժանումների աշխատանքին և քննարկել Պարեկային ծառայությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։