Փետրվարի 20-ին աշխատանքային այցով Կատարում գտնվող «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Կատարի իշխող ընտանիքի անդամ, էմիրի քույր, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել են գործակցության ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություններին՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում:
Մխիթար Հայրապետյան, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն - Մեր համագործակցությունը կլինի հատկապես գիտակրթական, բարձրագույն կրթության ոլորտում:
Զրուցակիցները շոշափել են նաև վերոհիշյալ բնագավառներում փորձի փոխանակման, տեխնիկական հնարավորությունների փոխադարձ օգտագործմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, քննարկվել դրանց փոխայցելությունների հեռանկարները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը։
Արմեն Աարգսյան, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան - Հիմնադրամների միջև գործունեությունը նոր և լայն դաշտ կարող է բացել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ այն դարձնելով ավելի բազմապրոֆիլ, ավելի գործնական:
Ավելի վաղ այցի շրջանակում Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Կատարի Ազգային գրադարանում և Ազգային թանգարանում։
Հեղինակ՝ Աննա Զախարյան