Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ այն նաև ամուր հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։
Փոխվարչապետը կարևորել է նաև այսօր ստորագրված «Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես նոր՝ Պարեկային ծառայությանը:
Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել։