Ադրբեջանական գերությունում 2014-ին խոշտանգված Տավուշի մարզի բնակիչներ 77-ամյա Մամիկոն Խոջոյանի և 33-ամյա Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռներն ուսումնասիրելուց հետո հայ իրավապաշտպանների խումբը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատ: 2021-ի նոյեմբերի 4-ին Եվրադատարանը երկու կարևոր վճիռ կայացրեց ընդդեմ Ադրբեջանի. բավարարեց հայկական կողմի բողոքը՝ ճանաչելով Խոջոյանի և Պետրոսյանի՝ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների, Խոջոյանի դեպքում նաև՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումները:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Մենք վիճարկում ենք Մեծ պալատում այն հանգամանքը, որ Ստորին պալատը չի անդրադարձել, կոնկրետ չի արձանագրել խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտման փաստը, առանձին չի արձանագրել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման փաստը, և նաև դատարանում վարույթի ընթացքում պահանջել ենք, որպեսզի նաև ճանաչի 34-րդ, 38-րդ հոդվածների խախտումները:
Այսինքն՝ պահանջված ապացույցներն Ադրբեջանը պատշաճ չի ներկայացրել Եվրադատարան, թույլ է տվել կեղծիքներ: Արտակ Զեյնալյանը հիշեցրեց Խոջոյանի ու Պետրոսյանի դեպքերի հանգամանքները: Խոջոյանը հայտնվել էր ադրբեջանական իշխանությունների իրավազորության ներքո, այնուհետև վերադարձվել հայկական կողմին, կարճ ժամանակ անց՝ մահացել: Պարզվել էր՝ նրա նկատմամբ գործադրվել է բռնություն, ներարկվել են հոգեմետ դեղեր, դիզվառելիք: Գերությունից մեկ օր անց Բաքուն հայտարարեց, որ Կարեն Պետրոսյանը մահացել է իբր սրտի անբավարարությունից: Երկու ամիս անց միայն Ադրբեջանը վերադարձրեց նրա դին՝ փորձելով թաքցնել բռնության հետքերը:
Արտակ Զեյնալյան - Խոջոյանի դեպքում բեմականացում է նկարահանել այլ անձի մասնակցությամբ և ներկայացրել դատարան՝ որպես Մամիկոն Խոջոյան, իբրև նրա պահման պայմանները եղել են բավարար, նրա նկատմամբ վերաբերմունքը եղել է մարդկային, որոշակի ազատություններ է ունեցել: Մենք նաև փորձաքննությամբ տարբեր ապացույցներով հաստատել ենք, որ դրանք կեղծիքներ են, ներկայացրել ենք դատարանին, պահանջել ենք ճանաչել պարտականությունների չկատարումը և պատիժ սահմանել:
Խոջոյանի գործով Ադրբեջանը բողոքարկել է վճիռը, Պետրոսյանի գործով գանգատ չի ներկայացրել: Ադրբեջանի բողոքի հիմքը դեռևս հայտնի չէ. ՄԻԵԴ-ը ծանուցել է, որ փետրվարի 28-ին կքննի գործերը վարույթ ընդունելու հարցը: Հայկական կողմից գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել Արտակ Զեյնալյանի և փաստաբան Քրիստինա Գևորգյանի ստորագրությամբ:
Քրիստինա Գևորգյան (փաստաբան) - Իմ կարծիքով՝ խնդիրները, որ բարձրացրել ենք մեր բողոքում, կարող է էապես նպաստել երկու ժողովուրդների միջև անհանդուրժողական մթնոլորտի նվազեցմանը՝ հանուն ԵԽ անդամ երկրների տարածքում ռասիզմի և այլատյացության բոլոր ձևերի վերացմանը: Կարծում ենք՝ այդ վճիռները կարևոր են այդ առումով:
Արտակ Զեյնալյան - Ադրբեջանը ամբողջ վարույթի ընթացքում նաև խուսափելու համար գանգատի քննությունից ասում էր, որ Ադրբեջանում չունենք իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, հետևաբար բաց են թողել ժամկետները: Քանի որ միջոց չկար, պետք է դիմեին ՄԻԵԴ, պատկերացնում եք՝ պետությունը, որը պարտավոր է ստեղծել պաշտպանության միջոց, դրանով պաշտպանվում է, որ հայերի համար չկա միջոց: Եվրադատարանը սա չի արձանագրել, մինչդեռ արձանագրումը կարևոր է վճռի կատարման համար: Պահանջում ենք դատարանից և ԵԽ-ից՝ պարտավորեցնել Ադրբեջանին ստեղծել հայերի համար այդ միջոցները:
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին փոխհատուցել 40-հազարական եվրո Խոջոյանի և Պետրոսյանի ընտանիքներին: Վճիռներն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը պետք է կատարի դրանք. իրականացնի նախաքննություն, տուժողների իրավահաջորդները ներգրավվեն գործընթացում, բացահայտվեն մեղավորները, ենթարկվեն պատասխանատվության: