Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է: Այդ մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Այսօր մենք չենք կարող առկա իրավիճակը գնահատել առկա տվյալներով, քանի որ բոլորս տեսնում ենք, որ թեստավորում գրեթե չի կատարվում»,- նշեց նա՝ բացատրելով, որ եթե ընտանիքում առկա է մեկ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտ, ապա ընտանիքի մյուս անդամները, ունենալով ախտանշաններ, չեն թեստավորվում:
«Առաջին անգամ է, որ մենք չենք կարողանում գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց Աբովյանը:
Բանախոսը նշեց, որ ամբողջ աշխարհում ևս լարված է իրավիճակը՝ պայմանավորված «Օմիկրոն» շտամով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ևս շրջանառվում է «Օմիկրոն» շտամը:
««Օմիկրոնն» ունի երեք ենթատեսակ. առավել վտանգավոր և վարակիչ է գնահատվում BA.2 ենթատեսակը, որ ՀՀ-ում արդեն ունենք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ չափանիշներով, անկախ կորոնավիրուսի նոր դեպքերի նվազումից, ՀՀ-ն դեռ գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության բարձր ցուցանիշ ունենք, և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է: