«Արմաթն օդում» և Արագածոտնի մարզում․ այսօր Թալինի ավագ դպրոցում կայացել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի հանդիսավոր բացումը։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Ներկաներին ողջունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ մեծապես կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, ԱԹՍ-ների ստեղծումն ու դրանց կատարելագործումը։ Նա նշել է, որ դեռ դպրոցից պետք է ձևավորել ինժեներական, մաթեմատիկական մտածողություն, և վստահություն հայտնել, որ կրթական աշխատանոցները լավագույնս կծառայեն այս նպատակին։
Աշխատանոցի կարմիր ժապավենը տնօրենության առաջարկով կտրել են աշակերտները։ Դպրոցի տնօրենն արձանագրել է՝ աշակերտները մեծ ներուժ ունեն և ՏՏ ոլորտում կայանալու իրենց առաջին քայլերը կատարել են։
Աշխատանոցին կարող են անդամագրվել 14 տարեկանից բարձր, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներին լավ տիրապետող աշակերտները՝ Թալինի տարբեր համայնքներից։