Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Անհրաժեշտ եմ համարում ընդունել վաղուց հասունացած որոշումը՝ անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ռուսաստանի Դաշնային խորհրդին խնդրում եմ պաշտպանել այս որոշումը, իսկ հետո երկու հանրապետությունների հետ վավերացնել Բարեկամության և փոխօգնության պայմանագրերը: Իսկ Կիևում իշխանությունը զավթածներից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հակառակ դեպքում արյունահեղության հնարավոր շարունակման պատասխանատվությունն ամբողջությամբ կկրի Ուկրաինայի տարածքում իշխող ռեժիմը։
Մինչև Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման մասին հայտարարելը՝ ՌԴ նախագահը մոտ 1 ժամանոց ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, ներկայացրեց պատմական և աշխարհաքաղաքական զարգացումները, խոսեց Մոսկվայի դեմ վտանգների և սպառնալիքների մասին:
Ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից հետո Ռուսաստանի ղեկավարը երկու հանրապետության նախագահների հետ ստորագրել է Բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր՝ 10 տարի ժամկետով և դրանց երկարաձգման հնարավորությամբ: Փաստաթղթերում առկա են դրույթներ երկքաղաքացիության, ռազմաբազաներ կառուցելու և օգտագործելու իրավունքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական, մշակութային և կրոնական ինքնության պաշտպանության վերաբերյալ։
Հանրապետությունների սահմանների պահպանությունը կիրականացվի կողմերի համատեղ ջանքերով:
Կողմերից որևէ մեկի մոտ մտահոգությունների դեպքում Ռուսաստանը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն խորհրդակցություններ կանցկացնեն՝ համատեղ պաշտպանության նպատակով:
Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարները պատմական են անվանել Պուտինի որոշումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ապագային և վերականգնում է արդարությունն ու ճշմարտությունը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՈՒՂԵՐՁՈՎ
Վլադիմիր Պուտինի որոշմանը պատասխան ուղերձով է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը նա Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է որակել։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Որոշումների հետ կապված հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։ Մենք մեր հողում ենք։ Մենք ոչնչից և ոչ ոքից չենք վախենում։ Մենք ոչ ոքի ոչինչ պարտք չենք և ոչինչ չենք տա։
Նա հավելել է, որ իր երկիրը հակված է քաղաքական-դիվանագիտական կարգավորման։ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինան իրեն վերապահում է անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի սահմանները մնում են նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին, որոնք, ըստ նրա, նշանակում են Մինսկի համաձայնագրերի կատարման միակողմանի դադարեցում։
ՄԱԿ-Ի ԱԽ ԱՐՏԱԿԱՐԳ ՆԻՍՏ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ
Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների ուղերձներին հետևել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը․ այն գումարվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի և Ալբանիայի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ լայնածավալ հակամարտության վտանգն իրական է, այն պետք է ամեն գնով կանխել։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ելույթի նպատակն էր ստեղծել պատերազմի պատրվակ։
Կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, սակայն, կոչ է արել իր գործընկերներին մի կողմ դնել էմոցիաները և չսրել իրավիճակը։ «Մոսկվան բաց է խնդրի դիվանագիտական լուծման համար, սակայն մտադիր չէ նոր արյունահեղություն թույլ տալ Դոնբասում»,- հայտարարել է նա։
ՊՈՒՏԻՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը կոշտ քննադատության արժանացավ նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների ղեկավարների կողմից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր, որում նշվում է, որ ՌԴ նախագահի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորություններին և խարխլում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Փաստաթղթով արգելվում է նոր ներդրումներ կատարել Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև այդ տարածքներից ուղղակի կամ անուղղակի ԱՄՆ ներկրել ցանկացած ապրանք, ծառայություն կամ տեխնոլոգիա։ Հրամանագիրը ԱՄՆ վարչակազմին հնարավորություն է տալիս նաև պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք գործունեություն են իրականացնում հանրապետություններում։
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Շառլ Միշելը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Եվրամիությունը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին որոշմանը կպատասխանեն պատժամիջոցներով։
Պատժամիջոցների սահմանման օգտին են արտահայտվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը: Նրանց գնահատմամբ՝ պաշտոնական Մոսկվայի որոշումը Մինսկի համաձայնությունների բացահայտ խախտում է:
ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով քննադատություններին, ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ դիվանագիտության և երկխոսության համար։ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ ՌԴ որոշմանը իրենց աջակցությունն են հայտնել Սիրիան, Վենեսուելան, Կուբան, Նիկարագուան:
Քաղաքական լարվածության ֆոնին իրավիճակը սրվում է նաև առաջնագծում։ ԵԱՀԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ Դոնբասում գրանցվել է հրադադարի խախտման ավելի քան 3000 դեպք։ Կողմերը հաղորդում են վիրավորների և զոհերի մասին, վնասվել են բնակելի շենքեր և կենսական կարևորության ենթակառուցվածքներ։