2008 թվականի փլուզումից հետո արժեթղթերի ամենազգալի անկումը: Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը և Ուկրաինայի շուրջ զուգահեռ քաղաքական գործընթացները ռուսական ֆոնդային բորսայում իսկական իրարանցման պատճառ են դարձել: Ներդրողներն սկսել են ազատվել ռուսական ընկերությունների ակտիվներից: Մոսկվայի բորսայի ընդհանուր արժեթղթերը նվազել են միանգամից 10 տոկոսով, մեկ այլ բորսա՝ ԷՌՏԵԷՍ-ը, կորցրել է 13 տոկոս:
Արժեզրկվել է նաև ռուսական ռուբլին: Մեկ դոլարի համար ռուսական բանկերն առաջարկում են մոտ 80 ռուբլի: Երևանի փոխանակման կետերում այժմ 1 ռուբլին 6 դրամ է: Զուգահեռ, Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները հայտարարել են պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Դրանց բնույթը և ամբողջական ծավալը դեռ հայտնի չեն: Եթե ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմ սկսվի, ռուսական ռուբլին կշարունակվի արժեզրկվել, իսկ արևմուտքի պատժամիջոցները կլինեն շատ ավելի խիստ: Ռուսաստանի ազգային դրամի արժեզրկումից և տնտեսական վիճակի վատթարացումից տուժելու է նաև Հայաստանը՝ վստահ են տնտեսագետները:
Արմեն Քթոյան, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ - Եթե արտահանումը դիտարկենք, 10 տոկոսով ռուսական ռուբլու արժեզրկումը նշանակում է, որ հայկական ապրանքները ռուսական շուկայում մեկ գիշերվա ընթացքում թանկացան 10 տոկոսով: Դա, իր հերթին, բերում է ծավալների կրճատման: Եթե մենք անցած տարի ունեինք արտահանման ընդլայնում 20 տոկոսով, այս տարի նման ցուցանիշ ապահովելը բարդ կլինի:
Հայաստանը 2021 թվականին Ռուսաստան է արտահանել մոտ 850 միլիոն դոլարի ապրանք: Երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 միլիարդ 500 միլիոն դոլար ցուցանիշը: Ռուսաստանը նաև շարունակում է համարվել Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողը: Պատժամիջոցները հերթական բարդությունները կստեղծեն ռուսական տնտեսության համար, ինչի հետևանքով կարող է նվազել քաղաքացիների գնողունակությունը, ինչը, իր հերթին, ազդելու է հայկական ապրանքների վաճառքի ծավալի վրա:
Եվս մեկ գործոն՝ տրանսֆերտները: Ռուբլու արժեզրկումը նշանակում է, որ այդ հոսքերի ծավալը դրամային արտացոլմամբ նույնպես նվազելու է: Ռուսաստանից փոխանցումները, չնայած վերջին տարիներին նվազել են, սակայն շարունակում են զգալի դեր խաղալ Հայաստանի տնտեսությունում:
Արմեն Քթոյան - Մինչև 2014 թվականը մենք ունեինք տարեկան առնվազն 1,5 միլիարդի փոխանցումներ, 2015-ից սկսած այդ թիվը նվազել է: 2015-2021 թթ. շատ քիչ դեպքերում է գերազանցել 1 միլիարդը:
2014-ին Ղրիմի շուրջ ստեղծված իրադարձություններից հետո, մեծապես Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, ռուբլին սկսել էր արժեզրկվել: Հաջորդ տարիներին ռուբլին այդպես էլ չվերականգնեց դիրքերը: Թե ինչ է սպասվում հիմա, մեծապես կախված է լինելու երկու գործոնից՝ հակամարտության շարունակականություն և ռուսական կենտրոնական բանկի քաղաքականություն՝ նկատում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Վիլեն Խաչատրյան, ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ - Փուլային տարբերակով կարելի է դիտարկել սա որպես ավելի սրված վիճակ, որտեղ անկումներ տեղի կունենան: Սակայն երկարաժամկետ կտրվածքով՝ կոնֆլիկտի հանգուցալուծման պարագայում, այդ շոկը որոշակի առումով կմարվի:
Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել է, որ բոլոր այն գործարարները, որոնք ներդրումներ կանեն Դոնեցկում և Լուգանսկում, պատժամիջոցների տակ կհայտնվեն: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ տեղեկացրել է, որ դադարեցվում է Ռուսաստանի համար չափազանց կարևոր նախագիծ համարվող «Հյուսիսային հոսք-2»-ի սերտիֆիկացումը: