Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում և մասնագիտական ուսումնական հաստատություններում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ ստացված նվիրատվությունը բաշխվում է անհատական պաշտպանության միջոցների տեսքով։
Դրանք դիմակներ են, դեմքի պաշտպանիչ վահաններ, ալկոգել, ճաշարանի աշխատակիցների համար ստերիլ խալաթներ, որոնք բաշխվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմված բաշխման ցուցակներով ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ջանքերով՝ ի աջակցություն ուսումնական հաստատություններում COVID-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների և ի նպաստ դպրոցական ճաշարանների վերաբացմանն ու դրանց անվտանգ աշխատանքն ապահովելու ջանքերին։
Անհատական պաշտպանության միջոցները նախատեսված են ուսումնական հաստատությունների սովորողների և անձնակազմերի համար:
Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նվիրատվությունը մարզում բաշխվում է մարզպետարանի և ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 124 հանրակրթական դպրոցներին, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին, Գավառի պետական երաժշտական, Գեղարքունիքի տարածաշրջանային պետական, Գավառի գյուղատնտեսական, Գավառի և Մարտունու բժշկական, Սևանի բազմագործառութային, Վարդենիսի պետական քոլեջներին, Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցին։
Պաշտպանիչ միջոցների բաշխումը կավարտվի փետրվարի 28-ին։