ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին:
Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում` համացանցի օգտագործմամբ:
Փոխնախարարը հայտնել է, որ համաձայնագիրը չի տարածվելու Հայաստանի կողմից` Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի կողմից` Հայաստանի վրա, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը:
Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: