Սրանք կադրեր են՝ ռեկորդային թռիչքից։ Հայ օդաչուն փորձում է ավիացիոն սպորտաձևերում պատմության մեջ առաջին անգամ ամրագրել Հայաստան անունը: Ստացվում է։ Հենց այս թռիչքով մեր երկիրը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ամենաերկար թռիչքը օդապարիկով՝ 34 ժամ 41 րոպե։
«Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանն ու ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովը թռիչքն իրականացրել են փետրվարի 16-ին՝ Ռուսաստանից։ Բարձրացել են մինչև 500 մետր։ Սնունդ գրեթե չեն վերցրել, գիշերը չեն քնել։ Ջերմաստիճանը օդում -20 է եղել, Նաիրին, սակայն, դժվարանում է պատասխանել՝ մրսե՞լ է, թե՞ ոչ։
Այժմ ժպիտով են պատմում բարդ, բայց մի շնչով անցած թռիչքից։ Օդաչուներին դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Նաիրի Բարսեղյան («Սքայբոլ» ընկերության օդաչու) - Սկզբում քամին բավականին թույլ է եղել, շատ դանդաղ ենք շարժվել, բայց վայրէջքի պահին բավականին ուժեղ քամի ենք ունեցել, սպորտային վայրէջք ենք ունեցել:
Չեն խուսափել անախորժություններից։ Ընթացքում գազի դատարկ բալոնի հետ պատահաբար կտրել ու ներքև են ուղարկել լիքը լցվածը։
Նաիրի Բարսեղյան - Գազի քանակը՝ անգամ 1-2 լիտրը շատ կարևոր է։ Ընդհանուր ունեցել ենք 2300 լիտր գազ։ Սկզբում որոշում էինք դադարեցնեինք, որովհետև անհնար էր ստացվում ռեկորդը սահմանել։ Միակ տարբերակը, որ ամբողջ գիշեր պետք է էլի ցածր թռնենք։
Ռեկորդային թռիչքի դժվարություններից է պատմում օդաչուներից մեկը, որը ներքևից է մասնակցել աշխատանքներին։
Մանուկ Գասպարյան («Սքայբոլ» ընկերության օդաչու) - Օդապարիկը շարժվում է քամու ուղղությամբ։ Մենք պետք է փորձենք, որ մոտավոր իրենց ճանապարհներով իրենց հետ շարժվենք։ Իրենք ոնց շարժվում են՝ մենք պետք է այդպես շարժվենք։ Մեքենայի անսարքություն, բալոնի անհասանելի տեղ, որ սնեգախոդն էլ չէր կարողանա գնար։ Մի քանի մետր պետք է անցնես, որ բալոնը բերես:
Տղաներն ասում են, որ այս փորձությունը կյանքի գերնպատակ էր։
Ռեկորդը գրանցելու է Ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան: Նախորդ ռեկորդային թռիչքը տևել էր 32 ժամ 12 րոպե: Ռեկորդից առաջ Նաիրին ռուս գործընկերոջ հետ Գյումրիից հասել է Երևան՝ Արագած լեռան վրայով:
Հեղինակ՝ Անի Ավագյան