Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի հետ ճեպազրույցում լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց: Մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Եվրանեսթ»-ի բյուրոյի նիստում հակառուսական բանաձև է ընդունվել:
Մարիա Կարապետյանը նախ նշեց, որ ինքը կողմ է խաղաղությանը, այնուհետև տեղեկացրեց, որ երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ինքը կողմ չի քվեարկել:
Կարապետյանը, սակայն, չմանրամասնեց բանաձևի բովանդակությունը, միայն նշեց, որ բանաձևի բովանդակությունը խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից ու կհրապարակվի:
«Ես բյուրոյի հայտարարությանը կողմ չեմ քվեարկել, քվեարկությանը ձեռնպահ եմ եղել: Այսօր քաղաքական կոմիտեի հարցերից մեկը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրավիճակին: Կրկին կվերահաստատեմ իմ դիրքորոշումը. իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»,- ասաց Կարապետյանը: