Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոնի» ամենավարակիչ՝ BA.2 ենթատեսակը:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Այն ավելի արագ է տարածվում, և կան ենթադրություններ, որ կարող է ընթանալ ավելի ծանր:
Սեկվենավորումն արվել է ընտրանքային՝ վերցված նմուշներից 2-ի մոտ եղել է նոր ենթատեսակը:
Ռոմելլա Աբովյան - Սա նշանակում է, որ յուրաքանչյուր պացիենտ, որ հոսպիտալացված է, վարակվել է, չի բացառվում, որ վարակված է «Օմիկրոնի» BA.2 ենթատեսակով:
«Օմիկրոնի» ախտանշանները՝ անկախ ենթատեսակից, բնորոշ են սուր շնչառական վարակներին: Թեև վերջին օրերին նվազում ունենք, կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ: Եվրամիության չափանիշներով՝ Հայաստանը դեռևս մուգ վառվող կարմիր գոտում է, հիվանդացության ցուցանիշը բարձր է, դրական թեստերի մասնաբաժինը՝ 29 տոկոսից ավելի: Պատվաստումների առումով մեր երկիրը եվրոպական տարածաշրջանում հետնապահ չէ:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Պատվաստումային գործընթացը կորոնավիրուսային հիվանդության դեմ շարունակվում է, ընդհանուր դեղաչափերի առումով մոտեցել ենք 2 միլիոնին: Ըստ անձերի եթե դիտարկենք՝ մեծահասակների շրջանում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը կազմում է 47.8 տոկոս, երկրորդ դեղաչափը՝ 40 տոկոս, խթանիչ դեղաչափ՝ մոտ 1 տոկոսի չափով:
Ըստ ուսումնասիրության՝ հոսպիտալացվածների շրջանում մեծամասնությունը չպատվաստված անձինք են:
Գայանե Սահակյան - Ընդհանոր ակտիվ դեպքերի մոտ 77-78 տոկոսը չպատվաստված է, հոսպիտալացվածների մոտ 82 տոկոսը և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների 80-82 տոկոսը չպատվաստվածներն են:
Երկրորդ դեղաչափը ստացած շուրջ 890 հազար մարդկանց միայն 3.6 տոկոսն է վարակվել քովիդով: Նորքի ինֆեկցիոնում էլ հոսպիտալացվածների մեծ մասը 65-ից բարձր տարիքի անձինք են՝ չպատվաստված, 5-ից 4-ը՝ շաքարային դիաբետով՝ նշում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկը:
Նաիրա Ստեփանյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ) - Պատվաստված ազգաբնակչությունը մեծ մասամբ թեթև է տանում, և նրանք անգամ հոսպիտալացման ենթակա չեն, սակայն այն դեպքերը, որոնք հոսպիտալացվում են, հիվանդությունը գնում է ծանր, ծայրահեղ ծանր, այսինքն՝ հոսպիտալացված հիվանդների մեջ հիվանդությունը մնում է ծանր, ծայրահեղ ծանր:
Մասնագետի խոսքով՝ հետքովիդյան շրջանում առաջանում են հոգեկան հիվանդությունով պայմանավորված խնդիրներ, թոք-սրտային անբավարարություն, ինսուլտ:
Նաիրա Ստեփանյան - Կարծես թե շատ հանգիստ ենք արդեն փողոցներում, սրճարաններում վերաբերվում «Օմիկրոնին», ուզում եմ ասել, որ հանգիստ վերաբերվելու իրավունք մենք դեռևս չունենք, քանի որ աjն վարակում է, այն առաջացնում է լուրջ դեպքեր՝ ծանր ընթացող:
«Օմիկրոնը» երեխաների շրջանում էլ լայն տարածվեց: Հունվար-փետրվարին մինչև 18 տարեկան վարակվածների ընդհանուր թիվը 39189 է:
Սերգեյ Սարգսյան (ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու) - Բարեբախտաբար, էս վերջին 2 շաբաթը այդ թիվը որոշակի իջել է, դա էլ անդրադարձել է հիվանդանոցների աշխատանքի վրա: Այսօր մենք ունենք ծանր, հարաբերական ծանր, վերակենդանացման բաժանմունքներում 3 երեխա, ընդհանուր հիվանդանոցներում շուրջ 190 երեխա՝ ամբողջ հանրապետությունում:
Հակառակ վարակման մեծ թվի՝ թոքաբորբերը քիչ են եղել: Այս շտամը, ի տարբերություն նախորդների, երեխաների մոտ կենտրոնանում է ավելի շատ վերին հատվածներում և չի հասնում թոքեր:
Սերգեյ Սարգսյան - Կա մի առանձնահատկություն, դա երեխաների մոտ կռուպն էր զարգանում և բրոնխիտն էր, մյուս արտահայտությունը՝ աղեստամոքսային խանգարումներն էին, եղել են մաշկային տարբեր արտահայտություններ:
Քովիդի ավարտի մասին խոսել մասնագետները դեռ չեն շտապում, նոր հիվանդությունն անկանխատեսելի է:
Ռոմելլա Աբովյան - Քանի որ դեռևս պարզ չէ էվոլյուցիան, մենք կունենանք նոր մուտացիաներ, ծանր կամ թեթև, վաղ է խոսել պանդեմիայի ավարտի մասին, և պետք է պահպանել բոլոր այն անվտանգության կանոններն ու գործող սահմանափակումները, մինչև հասկանանք:
ԱՀԿ-ն պետությունների առջև դրել է գերխնդիր, որ մինչև հուլիսի 1-ը բոլոր երկրներում մեծահասակ բնակչության առնվազն 70 տոկոսը պետք է ստանա պատվաստումների երկրորդ դեղաչափը: Սա հենց արվում է արագ մուտացիաներից պաշտպանվելու, վիրուսը շրջանառությունից հանելու համար: