Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։
Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Համայնքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական միություններ, գործում է «Վերածնունդ» կրթամշակութային միությունը, Մակեևկայում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Ներկայումս մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված: Համայնքում տուժածներ չկան, շատերը նախօրոք լքել են հակամարտության գոտին։ Միաժամանակ համայնքում խուճապային տրամադրություններ չկան:
Ռուսաստանում շատ դեպքերում որպես ժամանման վայր են ծառայել Վորոնեժ և Դոնի Ռոստով քաղաքները։ Մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները, գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ (+7 863 207 67 51):
Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին (+7 495 294 02 11):
Անհրաժեշտության դեպքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել +37410 589155 հեռախոսահամարով: