ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Առանձնազրույցից առաջ կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային և այլ հարցերի:
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս ամբողջապես կարգավորված չէ: «Չնայած այն խնդիրներին, որոնք պարբերաբար առաջանում են, կարծում եմ՝ կարող ենք բավարարված լինել այն իրավիճակով, որ ունենք: Կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Մոսկվան տեղյակ է, որ առկա են վեճեր որոշ հարցերի հետ կապված, և իր հերթին կանի ամեն ինչ, որ կարգավորման գործընթացը շարունակվի խաղաղ ճանապարհով և գործընթացում ներգրավված բոլոր կողմերի շահերի բավարարմամբ։
Ալիևն ընդգծել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դադարեցման և հակամարտությունը թեժ փուլից քաղաքական և դիվանագիտական հարթություն տեղափոխելու գործում:
«Այսօր միջազգային հանրությունն ընդունել է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրողությունները։ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում, ես կասեի՝ առաջատար դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար հնարավորություններ ստեղծելու հարցում՝ տրանսպորտային հաղորդակցության բացում, նորմալ դրացիական հարաբերությունների հաստատում»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ շեշտելով, որ Բաքուն գնահատում է այդ դերակատարումը։