Այս տարի նախատեսվում է ավելի քան 3 մլրդ դրամի հատկացում՝ Արագածոտնի մարզում սուբցվենցիոն ծրագրերի իրականացման համար։
2022 թ․ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման համար համայնքներից ստացվել և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 24 ծրագիր, որոնք նախատեսվում են իրականացնել մարզի բոլոր 9 համայնքներում։
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում են նոր մանկապարտեզի հիմնում և մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ Ապարանի Արագած բնակավայրում նախատեսվում է նոր մանկապարտեզի կառուցում, Մելիքգյուղ և Շենավան վարչական տարածքներում` մանկապարտեզների համար նախատեսված տարածքների վերակառուցում։ Աշտարակ համայնքում ևս 3 մանկապարտեզի հիմնանորոգում է սպասվում։
Արագածոտնի մարզպետարանը ներկայացրել է ակնկալվող 24 սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը. Միրաք և Միջնատուն բնակավայր տանող ճանապարհների ասֆալտապատում: Ապարան, Երնջատափ, Ջրամբար, Արագած, Քուչակ, Արայի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Մելիքգյուղ, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքների իրականացում:
Արագածավան համայնքի Արագածավան բնակավայրի լուսավորության ցանցի կառուցում: Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի «Կակաչ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում: Արևուտ համայնքի Արևուտ և Դդմասար բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցում: Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում և այլն:
Կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները և ավելացել է Կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը։ Օրինակ՝ մանկապարտեզների հիմնման, վերակառուցման ու հիմնանորոգման համար Կառավարության ֆինանսավորման չափն այս տարի հասել է մինչև 70 տոկոսի։
2022 թ․ սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթն առաջիկայում կքննարկվի Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որից հետո կմեկնարկեն ծրագրերի կատարման գործընթացները: