Արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին նախատեսվել են օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում: Լրագրողների հետ ճեպազրույցում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն այս հարցին ի պատասխան նշեց, որ պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են:
««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հակամարտությունը քննարկելու հնարավորությունը առանձին օրակարգային հարցերով քննարկումներն էին, որոնք արդեն տեղի են ունեցել: