Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցների ժամանակ նրանց առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ՝ գրում է ТАСС-ը։
Նախագահները սկզբունքորեն համաձայնել են նման գագաթնաժողովի գաղափարին՝ հայտնում է Ելիսեյան պալատը։ Երկկողմ հանդիպումից հետո նախաձեռնությանը կմիանան նաև Եվրոպայում անվտանգությամբ և ռազմավարական կայունությամբ շահագրգիռ այլ կողմեր:
Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է հանդիպմանը՝ պայմանով, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա: Գագաթնաժողովի օրակարգը պետք է պատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ։