Փետրվարի 22-ին կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Կրեմլից հայտնում են, որ հանդիպման ժամանակ նախագահները կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման քայլերին:
Նախատեսվում է նաև քննարկում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի շուրջ՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում: Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի, նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԼԱԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին և կառուցողական երկխոսությունը։ Կողմերն անդրադարձել են Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին և կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կլաարը և Ալիևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման և սահմանների սահմանազատման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ Տոյվո Կլաարը աշխատանքային այցով եղել է Երևանում և Թբիլիսիում:
OCCRP ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԼԻԲՈՎՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԱՍԻՆ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի որդիները՝ Ռզա և Սեյմուր Թալիբովները, հաշիվներ են բացել արտասահմանյան մի շարք բանկերում ու ստացել ավելի քան 20 միլիոն դոլար ստվերային վճարումներ: Բացահայտումը հեղինակել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության OCCRP հետաքննական կենտրոնը: Ըստ Թալիբովների գործի հետաքննության՝ Թալիբով եղբայրների հաշիվներին իրականացվել են տասնյակ միլիոն դոլարների կասկածելի փոխանցումներ, նրանք ունեն 63 միլիոն դոլարի անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատներ, բնակարաններ Դուբայում, պատմական շենքեր, հյուրանոցներ Բաթումում։ Այդ ամենը ձեռք է բերվել Նախիջևանում Վասիֆ Թալիբովի կառավարման շրջանում։ Խորհրդային վերջին տարիներին նա աշխատել է տեղական հագուստի արտադրամասում որպես բաժնի վարիչ։ Հետագայում նա ամուսնացել է Հեյդար Ալիևի զարմուհու՝ Սևիլ Սուլթանովայի հետ և ապահովել իր մուտքը քաղաքականություն:Նախիջևանում Թալիբովի հաստատած բռնապետության պատճառով ընդդիմադիրները տարածաշրջանն անվանում են «ադրբեջանական Հյուսիսային Կորեա», իսկ իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեն՝ «Ադրբեջանի մութ կղզի»։
ՎԻԵՆՆԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑՎԵԼ. ԽԱԹԻԲԶԱԴԵ
Իրանի միջուկային ծրագրի վերականգնմանն ուղղված Վիեննայի բանակցություններում նշանակալի առաջընթաց է արձանագրվել` ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Սաիդ Խաթիբզադեի խոսքով՝ սակայն, «որևէ բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»։ Այս պահին բանակցություններում քննարկվում են ամենադժվարին խնդիրները՝ նշել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Վիեննայի բանակցություններին Կատար կատարած այցի ընթացքում անդրադարձել է նաև Իրանի նախագահը: Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է քաղաքական կամք դրսևորի՝ վերացնելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն կայցելի Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումն իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ: Նախատեսվում է նաև ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Բացի այդ, Լավրովը կմասնակցի սիրիական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող Աստանայի ձևաչափի երաշխավոր պետությունների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։ «Վալդայ» ակումբի համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի գծով հատուկ բանագնաց Միխաիլ Բոգդանովը։