Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կողմերը մեղադրում են իրար՝ շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների համար: Լարվածության ֆոնին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անկախության ճանաչման խնդրանքով: Մոսկվայի արձագանքը սպասել չտվեց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում իրավիճակի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց, որի նպատակն էր որոշել Դոնբասի վերաբերյալ քայլերը՝ նկատի ունենալով նաև Դոնեցկի և Լուգանսկի դիմումները։
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման հարցը սերտորեն կապված է աշխարհում ու մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության ապահովման գլոբալ խնդիրների հետ։ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը չի պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը։ Ավելին՝ բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ մասին։
Անվտանգության նիստի ընթացքում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստ չէ ընդունելու ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները։ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է շրջանցել անվտանգության անբաժանելիության առանցքային սկզբունքը, որին Մոսկվան ակտիվորեն հղում է անում՝ նշել է Սերգեյ Լավրովը: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի խոսքով էլ՝ ո՛չ Ուկրաինային, ո՛չ Արևմուտքին Դոնբասը պետք չէ: Կոզակի խոսքով՝ Դոնբասի շուրջ բանակցային գործընթացն այժմ զրոյական մակարդակի վրա է: Նիստի ընթացքում իրենց ելույթների ավարտին Անվտանգության խորհրդի անդամներն անհատապես կողմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչմանը:
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել նաև Միացյալ Նահանգները: Սպիտակ տունը հայտնել է՝ նիստի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձություններն Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին։
Սահմանային լարվածությունն աշխարհի առաջնորդների քննարկման գլխավոր թեման է՝ հեռախոսազրույցներին հաջորդում են հանդիպումներն ու գագաթնաժողովները: Եվս մեկ գագաթնաժողով է սպասվում՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ: Էմանուել Մակրոնն ամերիկացի և ռուս գործընկերներ Ջո Բայդենին և Վլադիմիր Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում՝ անվտանգության և ռազմավարական կայունության թեմայով։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բայդենն ու Պուտինն ընդունել են Եվրոպայում հանդիպելու Մակրոնի առաջարկը։ Հանդիպման նախապատրաստմամբ կզբաղվեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որոնց հանդիպումը նախատեսվում է փետրվարի 24-ին:
Ուկրաինայի սահմանի լարվածությունը քննարկել են նաև Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիևն ու Բրյուսելը սկզբունքային համաձայնության են եկել:
Դմիտրո Կուլեբա, Ուկրաինայի արտգործնախարար - Մենք ԵՄ-ի հետ սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք. Եվրամիությունն Ուկրաինայում ուսուցողական խորհրդատվական առաքելություն կներկայացնի: Դրանք զինված ուժեր չեն: Սա նոր մի բաղադրիչ է Ուկրաինայի և Եվրամիության համագործակցության շրջանակում: Մեր հարաբերություններում նոր էջ է բացվել:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Ուկրաինայում ԵՄ խորհրդատվական, ռազմական, ուսումնական առաքելության տեղակայման պարամետրերն ու ժամանակը դեռ կհստակեցվեն։
Ավելի հստակ ժամկետներից է խոսել Պենտագոնը: Միացյալ Նահանգները կարծում է, որ «ռուսական ներխուժումն» Ուկրաինա կարող է սկսվել ցանկացած պահի, այդ թվում՝ «առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը: Ջոն Քիրբին հավելել է, որ դիվանագիտության համար դեռ ժամանակ կա: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին տեղեկատվությունը համարել է դատարկ և անհիմն: