Ստեղծված կարծիքը, թե կորոնավիրուսով վարակվելուց հետո քաղաքացին 90 օր պետք է չպատվաստվի, ՍԽԱԼ է: Քովիդ 19-ով հիվանդանալուց հետո, 14 օր անց անձը ենթակա է պատվաստման, եթե չունի սուր կլինիկական նշաններ: Պարզապես՝ չպատվաստված անձը 90 օր ազատվում է 7-օրյա պարբերականությամբ գործատուին ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պարտավորությունից:
Սվետլանա Գրիգորյան (ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Հակառակը՝ նոր, ի հայտ եկող շտամների պարագայում հնարավորինս շուտ պետք է պատվաստվել: Նույնիսկ հիվանդանալուց հետո սեղմ ժամկետում պատվաստվելուց հետո անձը ավելի պաշտպանված է լինում:
ՀՎԿԱԿ իրականացրած մոնիթորինգն ու թեժ գծին ստացված զանգերը ցույց են տվել, որ քաղաքացիները այս հարցում թյուրըմբռնում ունեն: Սվետլանա Գրիգորյանը հստակեցնում է, սա նոր մոտեցում չէ, պատվաստումային գործընթացի մեկնարկից ի վեր ամրագրվել է բոլոր ուղեցույցներում և հստակ նշվել՝ քաղաքացին կրկնավարակներից պաշտպանված չէ, ու հենց սա է պատճառը, որ հորդորում են չհետաձգել պատվաստումային գործընթացը: Ի դեպ, Հայաստանում կրկնավարակների թիվը օրական միջինում 200-ի է հասնում:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն պետ) - Կրկնավարակների միջակայքը 90 օրից մեկ տարի է տատանվում, այսինքն՝ անձ կա, որ 3 ամիս հետո, մարդ կա՝ մի տարի հետո է վարակվում: Այսինքն՝ վստահ լինել, որ մեկ տարի չեմ վարակվի, քանի որ վարակվել եմ՝ չկա նման բան:
Իրականությանը չի համապատասխանում նաև այն վարկածը, որ մի շտամով վարակվելու դեպքում անձը ապահովագրված է այլ տեսակի շտամով վարակվելուց՝ նշում է Ռոմելլա Աբովյանն ու հստակեցնում. Հայաստանում այսօր կորոնապատկերը տեսականորեն գուցե հուսադրող է, բայց գործնականում պատկերն այլ է:
Ռոմելլա Աբովյան - Նոր շտամը կլինիկական, սուր շնչառական վարակի ախտանշաններով է: Շատերը չեն թեստավորվում, բայց դա հաճախ կորոնան է լինում, քանի որ նրանք տանը մեկ դրական թեստ են ունենում, հետո չեն թեստավորվում, ինչը բարդ հետևանքներն ունի այն առումով, որ տանը բուժում ստանալուց հետո ծանր կլինիկական ընթացքով ընդունվում են հիվանդանոցներ:
Ի դեպ՝ եթե նախկինում վերջին պատվաստումից միայն 4-6 ամիս անց էր թույլատրվում բուստեր պատվաստում ստանալ, ԱՀԿ-ն այն նվազեցրել է՝ հասցնելով 3-6 ամսվա: Ի դեպ՝ արդեն շրջանառվում է օմիկրոնի ԲԵ Ա2 տեսակը, որն ավելի վարակիչ է, քան ԲԵ Ա 1-ը, և գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է ընթանալ ավելի ծանր քան նախորդ ենթատեսակը: