ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Շփման գծում վիճակը կրիտիկական է»,- հայտարարել է Դոնեցկի ոստիկանությունը:
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արգելված ականանետների հարվածի հետևանքով Դոնեցկում զոհվել է 2 խաղաղ բնակիչ, 1 զինծառայող, Լուգանսկում՝ ևս 2 խաղաղ բնակիչ:
Պաշտոնական Կիևն իր հերթին հրադադարի ռեժիմի խախտումների համար մեղադրել է Դոնեցկին և Լուգանսկին: Ուկրաինայի ԶՈՒ 1 զինծառայող հոսպիտալացվել է բեկորային վնասվածքներով:
ՄԱԿՐՈՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԲԱՅԴԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամերիկացի և ռուս գործընկերներ Ջո Բայդենին և Վլադիմիր Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության թեմայով։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բայդենն ու Պուտինն ընդունել են Եվրոպայում հանդիպելու Մակրոնի առաջարկը։
Գագաթնաժողովից առաջ՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում կունենան։ Արտգործնախարարների բանակցությունների ընթացքում կնախապատրաստվեն նախագահների հանդիպմանը քննարկվելիք թեմաները։
ՈՒԿՐԱԻՆԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ուկրաինայի սահմանի լարվածությունն աշխարհի առաջնորդների քննարկման գլխավոր թեման է: Մեկ օրվա մեջ 2 հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները: Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի առաջին զույցը տևել է ավելի քան 1 ժամ 45 րոպե: Նախագահները պայմանավորվել են Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը զրուցել է Զելենսկու հետ։ Ֆրանսիայի նախագահի հետ հրատապ հեռախոսազրույցից հետո Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «լռության ռեժիմ» հաստատել և «ուժեղացնել» խաղաղության ջանքերը: Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Ջո Բայդենն ու էմանուել Մակրոնը: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են դիվանագիտական և զսպմանն ուղղված ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի ընդլայնման: Առաջնորդների զրույցը տևել է 15 րոպե։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԽ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
ԱՄՆ նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Սպիտակ տունը հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկելու է վերջին իրադարձություններն Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ուժերի մեծացման համատեքստում։ Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր ամերիկացիներին Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններում առևտրի կենտրոնների, մետրոյի և երկաթուղային կայարանների վրա հնարավոր հարձակումների մասին։ Հրապարակման մեջ ընդգծվել է, որ առավել մեծ վտանգ են ներկայացնում խոշոր քաղաքները, ինչպիսիք են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ինչպես նա Ուկրաինայի հետ ՌԴ սահմանակից շրջանները։ Մոսկվան աձագանքել է հայտարարությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ դեսպանատանը՝ Ռուսաստանի տարածքում վտանգավոր իրադրության մասին տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու պահանջով։ «Համապատասխան տվյալները գործընկերային հաղորդակցության ուղիներով փոխանցե՞լ եք ռուս գործընկերներին։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս հասկանալ այս ամենը»,- գրել է դիվանագետն իր տելեգրամյան ալիքում։
ՌԴ-Ն ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին՝ հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության հետ: Նախարարը նշել է, որ զորավարժությունների հաջորդ փուլերը կներառեն պաշտպանական այն ոլորտները, որոնք ամբողջությամբ չեն ընդգրկվել վարժանքների նախորդ փուլերում:
ՋՈՆՍՈՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ Է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել Է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է ներխուժում սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից: Ջոնսոնը սպառնացել է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով: