Որևէ պետական պաշտոնյա չի կարող հաջողել, եթե չի տեսնում առկա խնդիրները, չի կարևորում քաղաքացիների մատնանշած հիմնահարցերը․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես է եկել Արթիկ համայնքի Լեռնակերտ բնակավայրի մշակույթի տանը: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Մարզպետը նշել է, որ ասուլիսը հաշվետվողականության մեկ քայլ է, իսկ այն Լեռնակերտ բնակավայրում անցկացնելն ինքնանպատակ չի արվել՝ աշխատանքային մոտեցման ցուցաբերում է, որովհետև ինչպես ՀՀ կառավարությունն է միտված ապակենտրոնացված քաղաքականություն իրականացնելուն, այնպես էլ մարզում պետք է նույն ձեռագիրը պահպանել։ Այնուհետև Շիրակի մարզպետն անդրադարձել է բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքներին ու առկա հիմնախնդիրներին։
«Խոսելով մարզի խնդիրների մասին՝ չեմ կարող չառանձնացնել մեր մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցը: Այս պահին հաստատված 62 գերուց 32-ը վերադարձել են, գործընթացը շարունակվում է: Հաստատված գերիների հետ հարազատները նամակագրական և հեռախոսային կապ ունեն, որն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ, ամեն ինչ արվում է, որ մեր հայրենակիցները օր առաջ վերադառնան տուն»,- նշել է մարզպետը։
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ մարզի խնդիրների մեջ առանձնանում է գործազրկությունը, և պետք է ամեն կերպ խթանել տնտեսության զարգացմանը։ Տնտեսության խթանման համար քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, ամեն ինչ արվելու է, որ ներդրումների առումով մարզն առավել գրավիչ դառնա: «Կարծում եմ, որ մենք պետք է մեր մարզի առավելությունները շեշտադրենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր համայնք կարողանա ներկայացնել իր առավելությունները։ Մարզպետարանը, որպես պետական տարածքային քաղաքականություն իրականացնող և վերահսկող, փորձում է ամեն կերպ այդ ամենին նպաստել»,- ասել է նա։
Համայնքների զարգացման կարևոր ու ճկուն գործիքակազմ Շիրակի մարզպետը համարել է պետություն-համայնք համագործակցության արդյունք հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը և նշել, որ 2022-ին 44 հայտ է ներկայացվել համայնքներից՝ ընդհանուր 7 մլրդ 229 մլն դրամի․
«Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք, և կարվի հնարավորը, որ ծրագրերը կյանքի կոչվեն։ Հատկապես որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների, նախակրթարանների կառուցմանը, նորոգմանը. կֆինանսավորվի այդ ծրագրերի 70 տոկոսը:
Վերանայվել է նաև սահմանամերձ համայնքների սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությունը՝ պետական բյուջեից ֆինանսավորման չափաբաժինը 80 տոկոս է։ Մեծ ուշադրություն է դարձվում դեպի արոտավայրեր գնացող ճանապարհների կառուցմանը, ընդհանրապես, ճանապարհաշինությանը, լուսավորության ցանցերի անցկացմանը, մեքենասարքավորումների ձեռքբերմանը»։
Մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսությանը՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրները Կառավարության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են, խոսքը ինչպես ոռոգման հիմնահարցի, այնպես էլ պարարտանյութերի գնի թանկացման մասին է։