Շիրակի մարզպետն այսօր ամփոփեց աշխատանքային հարյուր օրը՝ ներկայացնելով հաշվետվություն մարզպետարանի վարչության պետերի և համայնքների ղեկավարների ներկայությամբ, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Հաշվետվություն-ասուլիսը Գյումրիից շուրջ 30 կմ հեռավարությամբ Լեռնակերտ համայնքում էր՝ նոր վերանորոգված մշակույթի տանը։
Մինչև սոցիալական խնդիրներին անցնելը՝ նախ քննարկվեց մարզից գերեվարված և Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը: 62-ից 32-ն են վերադարձվել։
Շիրակի մարզը շարունակում է մնալ սոցիալապես ամենախոցելին: Աղքատությունը և տնտեսական խնդիրները հաղթահարելի կլինեն, եթե աշխատանքը շարունակական լինի՝ կարծում է Նազելի Բաղդասարյանը։
Զբոսաշրջության զարգացման տեմպը պետք է պահել Գյումրիում և տարածել Գյումրիից համայնքներ՝ կարծում է մարզպետը: Զուգահեռ համայնքներում գյուղատնտեսներին աջակցելու համար պետությունը կսուբսիդավորի ազոտական պարարտանյութի գնումը։ Անցած տարվա խնդիրներն աչքի առաջ ունենալով՝ այս տարի հունվարից աշխատում են, որ ոռոգման բարդություններ չառաջանան։
Անօթևանության խնդիրը ևս մինչև հիմա առկա է մարզում՝ մի մասը տուն չունի երկրաշարժի հետևանքով, մյուսներն իրենց գլխին տանիք չունեն սոցիալական պատճառներով: Բնակապահովման համար տարբեր ծրագրեր են քննարկվում՝ ընդհուպ պետության կողմից բնակարանի գնման ու անօթևաններին տրամադրելու հնարավորությունը։ Մուշում ավարտին է մոտենում սոցիալական բնակարանների կառուցումը՝ Համահայկական հիմնադրամի միջոցներով։
Սուբվենցիոն ծրագրերը կշարունակվեն։ Լեռնակերտի մշակույթի տունն էլ, որտեղ նաև գրադարան կա, Կառավարություն-համայնք համատեղ աշխատանքի արդյունք է։