ՀՍ. ՄԱԿԵԴՈՆԻԱ
ՍԿՈՊԻԵԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԼԵՄՈՒՐՆԵՐԸ ՍԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐՎԱ ԿԵՐԱԿՈՒՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Հյուսիսային Մակեդոնիայի կենդանաբանական այգու աշխատակիցները հույս ունեն ավելացնել լեմուրների թիվը՝ Վալենտինի օրը ռոմանտիկ կերակուր մատուցելով անհետացման վտանգի առջև կանգնած այս պրիմատներին:
Սրտիկներ ու ծաղիկներ են տեղադրել նրանց ազատավանդակում, որտեղ կենդանիները մեծ ախորժակով վայելել են իրենց հյուրասիրվող գետնանուշը:
Սկոպիեի կենդանաբանական այգու աշխատակիցները լիահույս են, որ այս ռոմանտիկ մթնոլորտը կարող է նպաստել կենդանիների բազմացմանը, քանի որ պարզվել է` Մադագասկարում աստիճանաբար վերանում են օղակաձև պոչով լեմուրները:
Թինա Միկովսկա (կենդանաբանական այգու աշխատակից) - Իրականում մենք ցանկանում ենք բարձրացնել այս հրաշալի արարածների մասին իրազեկվածության մակարդակը: Լեմուրների բնական միջավայրի պահպանումը նրանց փրկելու միակ միջոցն է:
Բնության պահպանության միջազգային միությունն օղակաձև պոչով լեմուրներին ընդգրկել է անհետացման եզրին կանգնած կենդանիների ցանկում: Նրանց գոյության համար ամենամեծ վտանգը, բնական միջավայրի կորստից բացի, լեմուրների որսն է Մադագասկարում` կենդանիների առևտրի համար:
ԱՖՂԱՆՍՏԱՆ
ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՏՈՆԸ
Աֆղանստանում այս տարի չեղարկել են Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարությունները՝ թալիբների իշխանության վերադարձի պատճառով, քանի որ նրանք կիրառում են շարիաթի օրենքների խիստ տարբերակը:
Սամիրն ու Մարիամը, որոնք Քաբուլում ապրող նշանված զույգ են, ասում են, որ վերջին երկու տարվա ընթացքում նշել են Վալենտինի օրը ռեստորանում: Բայց այս տարի ստիպված էին տանը մնալ։
Սամիր Նուրի (Քաբուլի բնակիչ) - Երեկ գնացինք ռեստորան ամրագրելու, բայց, ցավոք, անվտանգության խնդիրների և սպառնալիքների պատճառով ռեստորանում որևէ տեղ ամրագրել չկարողացանք:
Ծաղկավաճառ Խալիդ Սանգին էլ ասում է, որ նախկինում մարդիկ հաճախ էին միմյանց Սուրբ Վալենտինի տոնի առթիվ ծաղիկներ նվիրում, մինչդեռ հիմա այլևս նման բաների ուշադրություն չեն դարձնում, քանի որ ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ գումար, որպեսզի ծաղիկ գնեն:
Թալիբները հայտարարել են, որ երկրում կանցկացվեն մշակութային միջոցառումներ, եթե դրանք չեն հակասում շարիաթին և Աֆղանստանի իսլամական մշակույթին:
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՍԻՐՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԾՈՎԻ ՀԱՏԱԿԻՑ
Հույն ջրասուզորդները Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ ուղերձ են հղել ծովի հատակից: Նրանք կարմիր սրտիկներով և «սեր» գրությամբ թերթիկներ են պարզել: Իսկ երջանիկ սիրահար մի զույգ էլ համբուրվել է հենց ծովի մեջ ու հենց ջրի տակ:
Ջրասուզորդները նաև ջրի տակ պարզել են թղթեր, որոնց վրա գրված է՝ «Ալոնիսոս, ես քեզ իսկապես սիրում եմ»:
Միջոցառումը կազմակերպել էր Ալոնիսոսի քաղաքապետարանը, Վալենտինի օրվա կապակցությամբ և նպատակ ուներ զարկ տալ կղզում առաջարկվող ստորջրյա հարսանիքներին: Քաղաքապետարանից հայտնել են, որ օգոստոսին արդեն մեկ հարսանիք է նախատեսվում:
ԱՄՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔԻ «ՇՈԿՈԼԱԴԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ»` ՍԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Սբ Վալենտինի տոնին ընդառաջ՝ Նյու Յորքի «շոկոլադի ամենահին գործարանի» աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել` անհրաժեշտ արտադրանքով հաճախորդներին ապահովելու համար:
Սրտաձև մաշմելոներ, որոնք թաթախված են շոկոլադի մեջ, իսկ վրան դարձյալ սրտաձև մանր կոնֆետներ են շաղ տված, կեռաս, որը կրկին շոկոլադի մեջ է թաթախված, և այլն:
Գործարանի աշխատակիցները շտապում են պատրաստի արտադրանքը տեղավորել դարձյալ սրտաձև կարմիր ու ոսկեգույն տուփերի մեջ, որպեսզի վաճառեն ինչպես առցանց տիրույթում, այնպես էլ իրենց վեց վաճառակետում:
Անվար Խոդեր (շոկոլադի գործարանի մենեջեր) - Այս օրերին ստիպված եմ օրական 18 ժամ աշխատել` հսկա պահանջարկը բավարարելու համար: Թարմ շոկոլադի բավականին մեծ տեսականի ունենք` ավելի քան 120 նմուշ:
Շոկոլադի գործարանի համասեփականատեր Էնթոնի Սիրոնի խոսքով՝ Վալենտինի օրն իրենց համար Սուրբ Ծննդից հետո երկրորդ տոնն է, երբ չափազանց զբաղված են լինում: Շոկոլադի այս գործարանը հիմնադրվել է 1923 թվականին, և հաջորդ տարի նշելու ստեղծման 100-ամյակը:
Ամեն ինչ պատրաստում են ձեռքով` օգտագործելով հիմնադիրների 1920-ական թվականների ինքնատիպ բաղադրատոմսերը:
ՖՐԱՆՍԻԱ
ՍՐՏԱՁԵՎ ՈՍՏՐԵՆԵՐ` ՎԱԼԵՆՏԻՆԻ ՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Ոստրեներ բուծող ֆրանսիացի ֆերմերը շուկայագիտական հետաքրքիր քայլ է արել և իր ոստրեներին սրտի տեսք է հաղորդել, որպեսզի Սբ Վալենտինի տոնի կապակցությամբ դրանք մեծ սպառում ունենան: Ժամանակին ոստրեները բնական աֆրոդիզիակ էին համարվում:
Միջերկրական ծովի մերձակայքում, Ֆրանսիայի հարավում, Լյուկապ լճում Քրիստոֆ Գինոյը կարողանում է սրտաձև ոստրեներ բուծել, սակայն գաղտնիքը ոչ մեկին չի ասում: Պատրաստի արտադրանքը նա հանձնում է տեղի ռեստորաններին:
Լորան Լեմալ (ռեստորանի խոհարար) - Սուրբ Վալենտինի օրվա համար մենք հուսով ենք արտասովոր մի բան անել: Այնպես կանենք, որ ոստրեները կարմիր լինեն, ասես սիրտ լինի այնտեղ: Ահա թե ինչու ոստրեները կմարինացնենք ճակնդեղի հյութի մեջ:
Հատկանշական է, որ սրտաձև ոստրեներ ռեստորաններն իրենց հաճախորդներին առաջարկում են բացառապես Վալենտինի տոնին, իսկ մնացած օրերին արդեն անցնում են սովորական ոստրեների:
ԹԱԻԼԱՆԴ
ՀԱՐՍԱՆԻՔ ՓՂԵՐԻ ՎՐԱ
Թաիլանդում ավելի քան 40 սիրահար զույգ Սբ Վալենտինի օրն ամուսնացել է՝ փղերին բազմած: Հարսանիքի համար նրանք ընտրել են Չոնբուրի նահանգի Նոնգ Նուչ արևադարձային այգին:
Ամուսնական յուրաքանչյուր զույգ նստել է մեկական փղի վրա՝ չհաշված փղին վարժեցնողը: Մեկը մյուսի հետևից շարված հսկա կենդանիները տեղափոխել են սիրահար զույգերին՝ ասես մասնակցելով հարսանեկան ինքնատիպ շքերթի:
Թուչա Պանեկո (հարսնացու) - Մենք այս օրը միշտ կհիշենք: Կհիշենք, որ մեր ամուսնության վկայականը ստորագրել ենք Նոնգ Նուչ արևադարձային այգում, փղերին բազմած, թաիլանդական ավանդական տարազով: Սա յուրահատուկ օր է մեզ համար:
Հետաքրքիրն այն է, որ այս նորապսակների մեջ կան մարդիկ, որոնք նախկինում երբեք փիղ չեն նստել: Այս խմբակային հարսանիքը նախաձեռնելով՝ կազմակերպիչները նպատակ են ունեցել Թաիլանդին վերադարձնել զբոսաշրջության երբեմնի լավ վիճակը, որը վատթարացել էր Քովիդ-19-ի համավարակի պատճառով:
Այս փղերը հատուկ վարժեցված են` զբոսաշրջիկներին փոխադրելու համար: Կորոնավիրուսի պատճառով այցելուներ չկային, և կենդանիներն անգործության էին մատնված: Այս հարսանիքը, հնարավոր է՝ փոխի նաև փղերի կյանքը:
ՊԵՐՈՒ
ՊԵՐՈՒՈՒՄ 1000 ՏԱՐԵԿԱՆ ՄՈՒՄԻԱՆԵՐ ԵՆ ԳՏԵԼ
Պերուացի հնագետները Լիմայից արևելք ընկած Կաջամարկիլա հնագիտական համալիրում հայտնաբերել են նախաինկյան 14 մումիա, որոնք, ենթադրաբար, 800-1000 տարեկան են:
Սան Մարկոսի ազգային համալսարանի հնագետ Յոմիրա Հուամանը, որը պատասխանատու է Կաջամարկիլայի հնավայրի համար, ասում է` իր թիմը պարզել է, որ մումիաներից վեցը երեխաներ են: Մնացածը չափահաս են, որոնցից երկուսի կին լինելը հաստատվել է։
Հնագետները կարծում են, որ երեխաներին և մեծահասակներին զոհաբերել են ի պատիվ տեղական էլիտայի նշանավոր գործչի, որի մումիան հայտնաբերվել է 2021 թվականի վերջին, որպեսզի նրանք ուղեկցեին այդ նշանավոր մարդուն հանդերձյալ կյանքում:
Պիտեր Վան Դալեն Լունա (հնագետ, Սան Մարկոսի ազգային համալսարանի պրոֆեսոր) – Անդյան քաղաքակրթության ժողովուրդները կարծում էին, որ մահվանից հետո մարդիկ չեն անհետանում: Մահը նրանց համար ոչ թե վերջ էր, այլ` սկիզբ, անցում դեպի զուգահեռ աշխարհ: Որպես հուղարկավորության ծեսի մի մաս՝ այլ մարդիկ զոհաբերվում էին մահացածի պատվին: Զոհաբերվածներին դնում էին գերեզմանի մուտքի մոտ, որպեսզի կարողանան ուղեկցել նրան մեռյալների ճանապարհին:
Մումիաներից բացի, հայտնաբերվել են նաև տարբեր առարկաներ, օրինակ` խեցեգործական իրեր, զարդարված դդմիկների, գործվածքեղենի և բույսերի մնացորդներ:
ԻՏԱԼԻԱ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ԿԱՌՆԱՎԱԼԱՅԻՆ ՍԵԶՈՆԸ
Վենետիկում պաշտոնապես մեկնարկել են կառնավալային տոնակատարությունները՝ Մեծ ջրանցքում պատմական և գեղատեսիլ նավակների շքերթով:
Նավակները տեղափոխել են թիկնոցներով և դիմակավորված վենետիկցիներին, որոնց ողջունել են կամուրջների և նավամատույցների վրա կանգնած մարդիկ:
Նավակների այս գունագեղ շքերթով վենետիկցիները նաև նշել են իրենց քաղաքի հիմնադրման 1600-ամյակը, որն իրականում անցած տարի էր, սակայն կորոնավիրուսի պատճառով տոնել չէին կարողացել:
Դարձյալ Քովիդ-19-ի սահմանափակումներով պայմանավորված՝ մասնավոր նավակներին թույլ չեն տվել միանալ շքերթին: Իսկ մասնակից յուրաքանչյուր նավակ ներկայացնում է որևէ կազմակերպություն:
Վենետիկի կառնավալն աշխարհահռչակ իրադարձություն է. այն միշտ տեղի է ունենում քրիստոնեական Մեծ Պահքի շրջանին նախորդող տասն օրվա ընթացքում և ավանդաբար կապված է ծոմապահության ու ժուժկալության այլ ձևերի հետ:
Կառնավալը, լինելով նախապահքային տոն, նշանակում է «հրաժեշտ մսին» և նշվում է ամբողջ Իտալիայում: Այն առաջին անգամ անցկացվել է Վենետիկում՝ 11-րդ դարում: Մարդիկ ավելի քան երկու ամիս խրախճանքի մեջ են եղել: Կառնավալը դադարել են նշել 18-րդ դարում: Հետագայում, իհարկե, այն վերսկսվել է:
ԼԻԲԻԱ
ՀԱՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Լիբիայի մայրաքաղաքի Տրիպոլիի հավերն իրենց գունագեղ փետուրներով և փայլփլող ոսկե կտուցներով մասնակցել են երկրի պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթին:
Մրցույթը, որն անցկացվում է յուրաքանչյուր ցեղատեսակից լավագույն տեսք ունեցող հավը ընտրելու նպատակով, գրավել է տասնյակ այցելուների, որոնք անվերջ լուսանկարել են վանդակներում ներկայացված թռչուններին: Մրցույթին, ինչ խոսք, մասնակցում են նաև աքլորներ:
Թահեր Բելկասեմ (հավերի գեղեցկության մրցույթի այցելու) - Անկեղծ ասած, հիացած եմ, նրանք շատ գեղեցիկ են: Չեմ կարող հավատալ, որ իմ տարիքում կարող եմ տեսնել որոշակի ցեղատեսակի հավերի, որոնց նախկինում չեմ հանդիպել:
Մրցույթի չափանիշները բավականին խիստ են. կենդանիները գնահատվում են ըստ իրենց գույնի, փետուրների ձևի և փայլի ու հավի ընդհանուր չափսերի:
Առաջին տեղի հաղթողը ստացել է 93,8 միավոր։ Սև և սպիտակ հավին գնահատել են իր վառ դեղին ոտքերի և մեծ չափսերի համար:
Այսպես կոչված «դեկորատիվ» հավերի գները Լիբիայում տատանվում են 50-800 դոլարի սահմանում, իսկ մրցանակակիրներն ավելի մեծ գումար են ստանում:
ՄԵՔՍԻԿԱ
ՄԵՔՍԻԿԱՅԻ ԼՈՂԱՓԻՆ ՈՐԲ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐԻ
Մի խումբ որբ խոզուկներ ներխուժել են Մեքսիկայի լողափերից մեկն ու արժանացել տեղացիների և զբոսաշրջիկների մեծ սիրուն: Յուկատան թերակղզում Խոզերի լողափ գոյություն ունի: Այն Պրոգրեսո քաղաքում է: Լողափն անվանակոչվել է անցած տարվա օգոստոս ամսին, երբ տեղի իշխանությունները փրկեցին ութ խոճկորներին՝ իրենց մոր հետ:
Խոճկորներն այդ ժամանակ ընդամենը 2 օրական էին: Երբ նրանց մայրը սատկեց, Պրոգրեսոյի բնապահպանական հարցերով զբաղվող ոստիկանությունն սկսեց հոգ տանել խոճկորների մասին և նրանց տեղափոխեցին այս լողափ:
Ամեն օր՝ կեսօրին, խոճկորներին դուրս են հանում իրենց փոքրիկ բնից՝ լողալու, հետազոտելու և զբոսաշրջիկների հետ շփվելու համար:
Դիեգո Լեոն (ոստիկանության սպա) - Երբ այլևս չեն ցանկանում ջրում լողալ, մենք նրանց տանում և լողացնում ենք մաքուր ջրով: Հետո կեր ենք տալիս, անպայման միրգ ու բանջարեղեն են վայելում: Այնուհետև խոճկորներին մի լավ չորացնում ենք, մարմնին կոկոսի յուղ քսում, որպեսզի իրենց լավ զգան: Հետո հետ ենք տանում իրենց բույն:
Խոճկորները կմնան լողափում մինչև լրիվ հասունանալը: Այնուհետև նրանց կտեղափոխեն այնպիսի տարածք, որտեղ ավելի խոշոր կենդանիներ են ապրում: Խոճկորների խնամակալները լիահույս են, որ նրանք կբազմանան, սերունդներին նույնպես կկարողանան բերել Խոզի լողափ, որպեսզի այստեղ միշտ խոճկորներ լինեն, և անվանափոխությունն արդարացված լինի: