Հանրայինցիներն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափն են ստանում: Այսօր շարժական պատվաստումային կետը կրկին Հանրային հեռուստաընկերությունում էր: Հանրայինում կոլեկտիվ իմունիտետ արդեն ձևավորվել է՝ ասում է աշխատակազմի ղեկավարն ու ներկայացնում թվերը՝ աշխատակիցների 95 տոկոսից ավելին պատվաստված է:
Նազելի Նիկողոսյան (Հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավար) - Հեռուստաընկերության տարածքում արդեն 7-րդ անգամ ենք անցկացնում նման միջոցառում՝ պատվաստումային, բայց բուստեր՝ առաջին անգամ: Հետաքրքրություն եղավ աշխատակիցների կողմից խթանիչ դեղաչափի վերաբերյալ, էդպես հավաքագրեցինք աշխատակիցներին, ցանկացողներին:
Ընդամենը 2 տասնյակ աշխատակից է ՊՇՌ թեստի պատասխանի սերտիֆիկատով մուտք գործում տարածք: 12 աշխատակից էլ կորոնավիրուսի դրական թեստից հետո 90 օր ազատված է հավաստագիր ներկայացնելու պարտավորությունից: «Օմիկրոնով» վարակված աշխատակիցներ կան, բայց հիվանդության ընթացքը բոլորի մոտ թեթև է: «Լուրերի» լրագրող Վահե Կոստանդյանը վստահ է, որ պատվաստումն իրեն ավելի պաշտպանված է դարձնում:
Վահե Կոստանդյան (հեռուստալրագրող) - Ինչ կորոնավիրուսը կա, ես չգիտեմ՝ թեստ հանձնելն ինչ բան է, որտեղ են հանձնում, դա ինչ արժե: Կարծում եմ, որ պատվաստվել պետք է ամեն դեպքում:
Պատվաստվելը վտանգավոր չէ, հակառակը՝ սեփական օրինակով ցույց են տալիս Հանրայինի աշխատակիցները: Հեռուստաընկերության թվային արխիվի պետը առաջիններից է պատվաստվել, հիմա էլ չի ուշացնում խթանիչ դեղաչափով պաշտպանվել:
Կարինե Հակոբյան (Հանրային հեռուստաընկերության թվային արխիվի պետ) - Այսօր ստացա «Սպուտնիկ լայթը», սրսվել եմ, մինչև այդ պատվաստվել էի «Սպուտնիկ», և ես ինձ լավ եմ զգում:
Հեռուստաընկերության պահեստապետը կատակում է՝ եթե վարակվի ու ստիպված բուժում ստանա տանը, աշխատակիցներին անհրաժեշտ նյութեր մատակարարող չի լինի:
Մարգարիտա Հարությունյան (Հանրային հեռուստաընկերության պահեստապետ) - Առաջինը ստացել եմ սեպտեմբերին, 2-րդը՝ հոկտեմբերին՝ 21 թվականի, հիմա էլ 3-րդը՝ 4 ամիս հետո: Դե աշխատում եմ: Եթե աշխատում եմ կոլեկտիվում, պետք է ապահովված լինեմ բոլոր տեսակի վարակներից:
Բժիշկ-իմունոլոգ Ասթինե Պողոսյանը հորդորում է չվախենալ հետպատվաստումային ռեակցիաներից. ջերմություն, թուլություն, թևի ցավ: Դրանք առավելագույնը 3 օր են տևում:
Ասթինե Պողոսյան (ՀՎԿԱԿ բժիշկ-իմունոլոգ) - Մարդկանց խորհուրդ ենք տալիս ջերմիջեցնող կամ ցավազրկող խմել անհրաժեշտության դեպքում: Կարող է ոչինչ չլինի: Երեք օր ալկոհոլ չենք օգտագործում, մնացածը ամեն ինչ կարելի է:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվել է 1 միլիոն 992 հազար 891 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 1 միլիոն 77 հազար 319, երկրորդ դեղաչափ՝ 896 հազար 723, բուստեր՝ 18 հազար 849:
Ի դեպ, պատվաստվածների 53.3 տոկոսը տղամարդիկ են, 46.7 տոկոսը՝ կանայք:
Պատվաստվածների 58.1 տոկոսը 35-64 տարեկաններն են, 26.8 տոկոսը՝ 18-34 տարեկանները, 15 տոկոսը՝ 65-ից բարձր տարիքային խմբի անձինք: Միայն 0.1 տոկոս են կազմում 12-17 տարեկանները: