Փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։
Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան, և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։
Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։
Մարտին Երիցյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, այդ թվում՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակի (1980 թ.), «Աշխատանքային վաստակի համար» մեդալի (2020 թ.)։
Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի, 7 թավ քեմանի և այլն: