Տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերը, ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ հինգի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ երեք ոստիկանի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։