1988 թվականի փետրվարի 20-ին այս շենքում է կայացել ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական նստաշրջանը: Ժողովրդական պատգամավորները որոշել են դիմել ադրբեջանական և հայկական ԽՍՀ-ներին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ խնդրանքով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անջատվի Ադրբեջանից և վերամիավորվի Մայր Հայաստանին:
Մարզխորհրդի պատմական նստաշրջանը կայացել է շրջանային խորհուրդների հերթական նիստերից հետո: Շրջկենտրոններում պահանջել են Հայաստանին վերամիավորվելու հարցը քննարկել և ընդունել արտահերթ կարգով:
Գագիկ Ավանեսյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Եվ արդեն դրանից հետո մարզխորհրդի պատգամավորների հետ այդ որոշումները բերվել են Ստեփանակերտ, ու այստեղ հրավիրվեց արտահերթ նիստ, և ընդունվեց այդ որոշումը:
Մայր Հայաստանին վերամիավորվելու որոշումն արդար էր և չէր հակասում Խորհրդային Միության սահմանադրությանն ու օրենքներին: Այն իրավական ակտ է, որն արտացոլում է ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը:
Վահրամ Բալայան (Արցախի ԱԺ պատգամավոր, պատմաբան) - Շղթան երբ նայում ես՝ մենք անընդհատ փորձել ենք հարցը լուծել իրավական ճանապարհով: Բայց, ցավոք սրտի, տվյալ ժամանակաշրջանի խորհրդային իշխանությունները, Ադրբեջանի իշխանություններն այդ հնարավորությունը բաց թողեցին: Այսինքն՝ որ կարող էին այդ ամենը հարթ ճանապարհով լուծել, հարցը մղեցին փակուղի: Ավելին՝ փորձ արվեց բռնի մեթոդներով, ուժի մեթոդներով հարցին լուծումներ տալ՝ ինչպես խորհրդային համակարգում, ինչպես ասում են, ընդունված էր, և հետևանքը, արդյունքը դարձավ այն, որ տարածաշրջանը ներքաշվեց երկարատև հակամարտության մեջ:
Ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ փորձում էին կասեցնել մարզխորհրդի նիստը: Քվորում չլինելու համար Բաքվի ներքին հրահանգով փակել էին դեպի Ստեփանակերտ ճանապարհները: Պատգամավորները գյուղերից Ստեփանակերտ են հասել անտառներով ու ձորերով:
Աշոտ Սարգսյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Պատկերացրեք, որ միանգամից հրապարակում հազարավոր մարդիկ տեսա առաջին օրը. ճիշտն ասած, շատ էի զարմացել: Եվ ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյոք նրանք ինձ նմա՞ն են մտածում, կամ ես նրանց նմա՞ն եմ մտածում, որովհետև ես հավատում էի, որ անպայման պետք է միացումը լիներ:
ԼՂԻՄ մարզխորհրդի որոշմանը, որ խնդրանք էր ԽՍՀՄ իշխանություններին, Ադրբեջանը պատասխանեց ցեղասպանությամբ: Պատմական նիստից երկու օր անց ադրբեջանցիներն Աղդամից զինված երթով հասան Ասկերանի մատույցներ: Այնուհետև տեղի ունեցան Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը:
Գագիկ Ավանեսյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Դա չէր կարող լինել առանց կենտրոնական իշխանությունների աջակցությամբ, որովհետև նույն քաղբյուրոյի ամսի 21-ի որոշմամբ նիստի հենց հաջորդ օրը, բոլորը գիտեն՝ ինչպես են որակել մեր շարժումը, բացասական պատասխան են տվել: Այդպես նրանք փորձում էին հենց նոր սկսված շարժումը ջարդել, կասեցնել այդ զարգացումները: Բայց Սումգայիթից հետո զարգացումները լրիվ ուրիշ ուղղությամբ գնացին՝ հայերը ոչ թե վախեցան, այլ հակառակը՝ ավելի համոզված էին, որ պետք է պայքարել:
Սեփական ճակատագիրը տնօրինելու արցախահայության խաղաղ պայքարի ճանապարհին պարտադրվեց պատերազմ: Նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Ստեփանակերտում հարգել ու ոգեկոչել են Արցախի ազատության համար ընկած հայորդիների անմար հիշատակը: Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել երկրի խորհրդարանը՝ կոչ անելով Մինսկի խմբի համանախագահներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: