Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» (ՔՈԱՖ) նախաձեռնել է Արմավիր խոշորացված համայնքի կազմում գտնվող Մյասնիկյան բնակավայրում հանրապետությունում երկրորդ սմարթ կենտրոնի հիմնումը:
Ծրագրի իրագործման նպատակով 2021 թվականի դեկտեմբեր ամսին հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին հավաքագրվել է ավելի քան 8.4 մլն դոլար: Շուտով կհայտարարվի կենտրոնի ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթը:
Լոռու մարզի համանուն կենտրոնին ծանոթանալու, նույն վայրում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն, սլավոներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, լատիներեն և այլ լեզուներով եզակի ձեռագրերի թվային, լողացող ցուցադրությանը ներկա գտնվելու նպատակով Լոռու ՔՈԱՖ սմարթ կենտրոն է այցելել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ցուցադրության շրջանակում մարզպետը Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Լիտվայի և Ռուսաստանի Հանրապետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, այլ պաշտոնատար անձանց, ՔՈԱՖ-ի գործընկերների և շահառուների հետ ծանոթացել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող տարբեր քաղաքակրթությունների եզակի ձեռագրերին՝ թվայնացված տարբերակով:
Այնուհետև ՔՈԱՖ-ի պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը և միջոցառման մասնակիցները շրջել են ոչ ֆորմալ կրթական հաստատությունում, ծանոթացել ընդհանուր պայմաններին և անհատի համապարփակ զարգացմանը նպաստող կրթակարգին, որը շուտով հասանելի կդառնա նաև Արմավիրում: