Բիոնիկ ձեռքը պատրաստված է 3Դ տպիչով։ Յուրահատկությունն այն է, որ կրկնում է մարդու ձեռքի բոլոր շարժումները։ Ֆիզմաթ դպրոցի սաների ձեռքով է ստեղծվել։ Այժմ մարդու ձեռքի նման մատները ծալում է։ Նարեկն ու Գևորգը որոշել են իրենց նորարարությամբ օգնել նաև բժշկության ոլորտին։
Նարեկ Սարգսյան (Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան) - Այս նախագիծը կարող է հետագայում դառնալ ավտոմատացած պրոթեզ։ Այսինքն՝ մարդիկ, որոնք կարիք ունեն պրոթեզավորման, կարող են գնել այն։ Միացնելով ազդակները մկաններին՝ օգտագործել այն որպես լիարժեք ձեռք։
Դրա համար անհրաժեշտ է, որ սարքը զարգացնեն, ավելի սահուն դարձնեն մատների շարժը։ Հիմա աշխատում են այդ ուղղությամբ։
Նարեկ Սարգսյան - Մեր հիմնական նպատակն այն է, որ ձեռքը լինի հնարավորինս մատչելի։ Հիմա կան շատ ավտոմատացված պրոթեզներ, որ բավականին բարձր գին ունեն, և ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերել դրանք։ Մեր նախագիծը թույլ կտա օգտվել շատ ցածր գնով։
Մինչ զարգացնելը ձեռքն արդեն հասցրել է աչքի ընկնել մի շարք մրցույթներում։ Իր ճկունությամբ զարմացրել է միջազգային ժյուրիին։ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը այս նախագծով միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է երկրորդ տեղը: Այն կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։ Ներկայացվել է 124 նախագիծ՝ Հայաստանի, Մալայզիայի, Ավստրալիայի և Ուզբեկստանի թիմերից։
Գևորգ Սարգսյան (ֆիզմաթ դպրոցի սան) - Շատ հաճելի էր ժյուրիի արձագանքը։ Մեր պրոյեկտը ներկայացնելուց հետո նրանք բոլորը միացրին բարձրախոսները, ծափահարեցին և ասացին, որ մեր պրոյեկտը շատ մեծ ապագա ունի բժշկության ոլորտում։ Պարտավոր ենք այն զարգացնել և հասցնել արտադրության մակարդակի։
Նրանց գործը ավելի կհեշտացնի նոր՝ ուսավոր ու ընդարձակ լաբորատորիան, որը բացվել է դպրոցում։ Ժամանակին վատ պայմանները, խոնավությունը բացասաբար էին անդրադառնում սարքերի վրա։
Հարություն Ռոստոմյան (ֆիզմաթ դպրոցի ռոբոտաշինության խմբակի խմբավար) - 10 տարի առաջ պարոն Նավասարդյանի մոտ մեծ ցանկություն կար, որ մենք նոր ուղղություն ստեղծենք դպրոցում, հետազոտական աշխատանքներ կատարվեն։ Ստեղծվեց լաբորատորիա։ Անցած տարիներին կամաց-կամաց հմտություններ ձեռք բերելով՝ բավականին հաջողություններ ենք ունեցել։
Նոր օլիպիադաների մասնակցության հրավերներ ունեն, բայց մինչ դա աշխատանք կա։
Հարություն Ռոստոմյան - Արդեն նախագծել ենք ձեռքի պրոյեկտի 2-րդ մոդելը։ Մեծածավալ պրոյեկտի համար մեզ անհրաժեշտ է ֆինանսավորում:
Հույս ունեն՝ օգնություն ստանալ պետական մարմիններից։ Բացի բիոնիկ ձեռքից, նրանց տարբեր աշխատանքներ մրցույթներում զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ։ Տղաները նշում են, որ իրենց համար ամենակարևորը այլ երկրներում Հայաստանի պատիվը բարձր պահելն է։
Հեղինակ՝ Անի Ավագյան