ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 19-ին մասնակցել է «Ագրոտեք ինկուբատոր 2021» միջոցառմանը, որն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը, որի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսավորվում է ԵՄ, համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից, իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։
Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք թույլ կտան առավել արդյունավետ լուծել ագրոարդյունաբերական ոլորտի խնդիրները, հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին գործընկերային կապեր հաստատել տեխնոլոգիական և գյուղատնտեսության ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, նորաստեղծ ընկերություններին հնարավորություն ընձեռել ներգրավել նոր ներդրումներ, խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը։
«Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ փուլի եզրափակչի նպատակն էր բացահայտել տարբեր նորարարական գաղափարներ, որոնք կլուծեն գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերներն ավելի արագ, պարզ և արդյունավետ կերպով»,- ասել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Օրվա ընթացքում մասնակից 8 թիմերը ներկայացրել են իրենց վերանայված նախագծերը, որոնց արդյունքում ընտրվել են լավագույն 3 թիմերը։