Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքները, դիմելու ընթացակարգը, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության իրականացման, խելամիտ հարմարեցումների վերանայման ու վերահսկողության հետ կապված հարաբերությունները։
Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ, որը՝
-
ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության երկարաժամկետ կամ կարճաժամկետ սահմանափակում, որն էականորեն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը.
-
խելամիտ հարմարեցումներ ապահովելու դեպքում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել։
Քաղաքացին կարող է դիմել հետևյալ դեպքերում՝
-
աշխատանքային հայտարարությամբ աշխատանքի մրցույթին դիմած անձը, աշխատանքի ընդունման գործընթացի ընթացքում.
-
աշխատողն՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարելիս, ներառյալ փորձաշրջանի ընթացքում, աշխատավայրում ուսուցման, աշխատանքում առաջխաղացման նպատակով և այլն.
-
դիմորդը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ամբողջ ընթացքում.
-
սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններում սովորելու ամբողջ ընթացքում.
-
սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատությունները սահմանված ընթացակարգով ավարտելու ընթացքում։
Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են, օրինակ՝
-
ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ. հարմարեցումներ, որոնց համար լրացուցիչ ծախս չի պահանջվում։ Օրինակ՝ աշխատաժամանակի ճկուն ժամանակացույց, որևէ գործողություն կատարելու համար լրացուցիչ ժամանակի տրամադրում, աշխատանքային պարտականությունների վերանայում.
-
ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ. հարմարեցումներ, որոնք չեն առաջացնի լրացուցիչ դժվարություներ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում, օրինակ՝ դռան բռնակի փոխարինում մատչելի դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում.
-
բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ. հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ, օրինակ՝ աջակցող տեխնոլոգիաներ և սարքեր՝ ներառյալ ծրագրային ապահովում.
-
աջակցություն որևէ գործողություններ կատարելիս, օրինակ՝ օգնող անձինք, ուղեկցողներ, ժեստերի լեզվի թարգմանիչ, թարգմանիչներ՝ կույր և խուլ անձանց համար, ծառայող կամ ուղեկցող կենդանիներ։
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։
Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։