Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը, որում ուղենիշներ են սահմանվում մինչև 2030 թվականի համար, դրվել է հանրային քննարկման: Ոլորտի պատասխանատուներն ակնկալում են ակտիվ ու շահագրգիռ մասնակցություն՝ փաստաթուղթը ավելի լավը դարձնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը զարգացման ծրագրի երկու խոշորագույն նպատակ է շեշտադրում.
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Առաջին՝ որ յուրաքանչյուր ոք ունի որոշակի տաղանդ, և խնդիրն այն է՝ դա բացահայտել, որպեսզի յուրաքանչյուր ոք լիարժեք կարողանա ինքնադրսևորվել:
Երկրորդը, ըստ նախարարի, որ կրթությունը բոլոր մակարդակներում լինի մրցունակ, հիմնված ազգային արժեքների վրա:
Զարգացման ծրագրում սահմանված է ակնկալվող արդյունքների շրջանակը: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ դրանք չափելի են:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Պետք է հասնենք նրան, որ մեր բոլոր բնակավայրերում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի լինի օգտվել այդ ծառայություններից: Մեր թիրախն է, որպեսզի ապահովենք, որ դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայությունում:
Հետազոտությունները փաստում են՝ նախադպրոցական կրթությունը նպաստում է, որ երեխաները դպրոցում ավելի բարձր արդյունքներ գրանցեն:
Հանրակրթության նպատակներից է, որ ոչ մի երեխա դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից: Ուսումնառության արդյունքի և ուսումնառության տևողության հարաբերակցության շտկումը ևս կարևորվում է: Համաշխարհային բանկի չափումներով՝ 12 տարվա կրթությունը մեր երկրում համարժեք է 8.3 տարվա:
Ժաննա Անդրեասյան - Եվ մեր հիմնական ցուցանիշն է, որ այս հարաբերակցությունը ռազմավարության ժամկետի ավարտին հասցնենք 11.5 տարվա:
Փոխնախարարը պարզաբանեց՝ 11.5 և ոչ թե 12 տարվա, որովհետև աշակերտները ավատական քննությունները հանձնում են 12-րդ դասարանի առաջին կիսամյակում, ավարտում ծրագիրը, վերջին կիսամյակում ուսումնասիրում միայն ընտրած մասնագիտության համար պահանջվող առարկաները: Կրթության զարգացման ծրագրի թիրախներից հաջորդն է, որ արդեն 2030 թվականին քոլեջների, ուսումնարանների և բուհերի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն աշխատի իր մասնագիտությամբ: Ծրագրում բուհերի օպտիմալացում չի նախատեսվում, պարզապես սահմանվելու են հստակ ու խիստ չափորոշիչներ, դրանց չհամապատասխանող բուհերը չեն կարող շարունակել գործունեությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի լուծարման շեմին հայտնելու լուրերին, Վահրամ Դումանյանը նշում է՝ նախաձեռնությունը բուհինն է՝ կան կադրային, ուսանողների քանակի և ֆինսանսական խնդիրներ: Փոխնախարար Թռչունյանըն էլ խոսում է ոլորտի զարգացման արդյունքում հետապնդվող մեկ այլ նպատակի մասին:
Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Իհարկե, ունենք նաև շատ հավակնոտ թիրախ, որը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունից՝ ունենալ առնվազն չորս բուհ լավագույն 500-յակում:
Նախարարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ իր համակարգման ոլորտի անելիքները ներկայացնելով՝ նշում է՝ ծրագրվում է ոչ միայն ընդլայնել հայագիտական կենտրոնները, այլև ապահովել որակական զարգացում: Շեշտադրել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումը, դպրության գործի բարելավումը:
Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային քննարկումը կավարտվի մարտի մեկին, որից հետո փաթեթը կուղարկվի խորհրդարան քննարկելու և քվեարկելու համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան